Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում էլ օպտիմալացում կլինի

Մայիս 26,2015 16:40

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարություն է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի առաջարկում է քրեակատարողական հին եւ ոչ օպտիմալ օգտագործելի հիմնարկների գործունեությունը դադարեցնել, առկա շինությունները վերափոխել եւ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Հովհաննես Մանուկյանը գտնում է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող նոր քրեակատարողական հիմնարկներ պետք է կառուցվեն` պատճառաբանելով, որ ներկայիս հիմնարկները խորհրդային ժամանակներից ժառանգած են եւ արդեն իսկ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված. «Շենք-շինություններն իրենց վիճակով անբավարար են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան պատժի կատարման համար»,-վարչապետին կառավարության նիստում կհայտնի արդարադատության նախարարը:

Բացի այդ պարոն Մանուկյանը գտնում է, որ օրենքով պետք է ձեւավորվի ֆոնդ, ինչպես որ կա ոստիկանությունում, մաքսային ծառայությունում եւ այլն: Ֆոնդի միջոցները կուղղվեն քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրների իրականացման արդյունավետության բարձրացմանը, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովմանը, սարքավորումներով վերազինմանը եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցների նյութական խրախուսման նպատակով:

Ըստ նախարարի, ֆոնդի միջոցները կձեւավորվեն միջազգային ու դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական միջոցներից, քրեակատարողական ծառայության կողմից վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքների երեսուն տոկոս մասհանումներից: Ֆոնդը կծախսվի կալանավորվածների եւ դատապարտյալների անձնական եւ մշակութային, կրթական ու հոգեւոր զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար, քրեակատարողական հիմնարկների ու մարմինների շենքերի, շինությունների եւ նյութատեխնիկական ու սոցիալական պայմանների զարգացման համար, քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավման եւ նյութական խրախուսման համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031