Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրված ասուլիսից հետո ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համառորեն չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: Սկզբում նրան «մեկուսացնում էին» իր պաշտոնյա գործընկերները` մեկ նրան թաքցնելով նախարար Երիցյանի աշխատասենյակում, հետո էլ նախարարության այլ մասնաշենքում: Լրագրողներով նրան սպասում էինք նախարարության բակում:
Այնուհետև նկատեցինք, որ Սուրիկ Խաչատրյանը մյուս պաշտոնյաների ու մարզպետների հետ նստած է նախարարության բակում գտնվող սրճարանում: Երբ ցանկանում էինք մոտենալ սրճարանին, նախարարության համապատասխան աշխատակիցները ամեն գնով փորձում էին լրագրողներին հեռու պահել այդ տարածքից: Պատճառաբանեցին, թե Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ է նախարարությունում, ուստի հյուրասիրում են:
Շուրջ մեկ ժամ սպասելուց հետո վերջապես ավարտվեց բացօթյա հյուրընկալությունը և պաշտոնյաները շարժվեցին լրագրողների ուղղությամբ: Սուրիկ Խաչատրյանը կրկին հրաժարվեց պատասխանել այն հարցերին, թե ի վերջո ո՞ւմ է կասկածում, ո՞վ է կրակել իր մեքենային, կամ արդյոք իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ որդուն խրատներ տվե՞լ է, նա փորձեց լրագրողներին համոզել. «Բոլորիդ շատ հարգում եմ, ուզում եմ պայմանավորվենք: Կարող եք բոլորով գալ Սյունիք` մեքենա կտրամադրեմ, խնդրեմ, եկեք այնտեղ, ձեր բոլոր հարցերին պատասխանեմ, պատասխանները կտեսնեք»:
Նա այդպես էլ չպատասխանեց իր որդուն վերաբերող որևէ հարցի: Aravot.am-ի դիտարկմանը, խորհրդակցության ժամանակ պարբերաբար հաբեր էր ընդունում, արդյոք վատացե՞լ է պարոն Խաչատրյանի առողջական վիճակը մահափորձից հետո, նա պատասխանեց` ոչ: Հետաքրքրվեցինք` բուժվո՞ւմ է, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ