Այսօր լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված «մահափորձից», ասաց, որ օրը մի քանի անգամ խոսում են իրար հետ. «Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, կսպասենք նախաքննության ավարտին»:
Այսօր ԱԺ-ում մարզպետարանների՝ 2014-ի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ Սյունիքի մարզպետը նորից բացակայում էր, ինչը հարուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, ըստ որի, Հայաստանում առաջին սորտի պաշտոնյաներ կան, որոնք չեն գալիս ԱԺ՝ նման քննարկումների:
Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանն այսօր տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում է եղել: Արմեն Երիցյանն ասաց, որ նախարարությունում անցկացված խոհրդակցությունից հետո ինքն է թույլ տվել մարզպետին գնալ, չներկայանալ ԱԺ, նրան փոխարինում է փոխմարզպետը:
Նախարարի բացատրելով՝ ոչ թե Սուրիկ Խաչատրյանը խուսափել է գալ ԱԺ, այլ՝ «Ինքը մի քիչ վատ էր զգում, սիրտը լավ չէր»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ Ձեր ոլորտում կա մեկը, ում ուզում են սպանել, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Եկեք, չասենք՝ կա մեկը, ում ուզում են սպանել: Առաջին հերթին ով ուզում է սպանել, մենք պետք է հայտնաբերենք ՝ նա ով է: Իսկ թե ում նկատմամբ է կիրառվում, դա արդեն կապ չունի»: Երիցյանը նշեց, որ դա մահափորձ է եղել. «Ժամանակին իմ նկատմամբ էլ է եղել մահափորձ Քանաքեռի բաժանմունքի պետ եղած ժամանակ»: Նա վստահ է, որ կրակոցները բեմականացված չի եղել. «Այդպիսի բան չի կարող նորմալ մարդն անել: Ես գտնում եմ, որ եղել է իրոք մահափորձ եւ պետք է բացահայտվի»:
Թե ինչու են իրավապահ մարմիններն ու իշխանություններն անընդհատ ներում Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ իրավապահ մարմինները նորմալ աշխատում են, եւ իրենց կողմից արված աշխատանքը ցույց կտա, որ կբացահայտեն: Եթե ինքը մեղք ունի, ի սեր Աստծո թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք, չմեղադրենք մարդուն»:
Հարցին՝ Աստծո պահա՞ծ է Սուրիկ Խաչատրյանը, որ 25-30 կրակոցից ոչ մի քերծվածք անգամ չստացավ՝ նա պատասխանեց. «Տա Աստված, որ բոլորս էլ այդպես հովանավորված լինենք: Ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»:
Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանն անփոխարինելի՞ կադր է, նախարարը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ