Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մհեր Ենոքյանը չի՞ եղել սպանության վայրում

Մայիս 26,2015 15:38

Ըստ իրավաբան Լեւոն Բաղդասարյանի, «Նոր երեւան եկած հանգամանքով վարույթ հարուցելը դեռ չի նշանակում, որ տվյալ անձին սխալ են դատել, այլ նշանակում է վարույթ հարուցել ճշտելու համար այն փաստերի իրողությունը, որոնք քննության ժամանակ ի հայտ են եկել, կամ էլ նորագույն գիտությամբ բացահայտվել է, որ տվյալ անձը չէր կարող այդ հանցագործությունը կատարել»

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի, Սողոմոն Քոչարյանի, Արթուր Մկրտչյանի, Տիգրան Ավետիսյանի, եւ այլոց գործերի հետ նոր երևան եկած հանգամանքների, դատական սխալների, դատաիրավական համակարգի դեմ ազատազրկվածների  բողոքների մասին հարցերին անդրադարձան «Լև Գրուպ» փաստաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, Մհեր Ենոքյանի ներկայացուցիչներ՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» անդամ Ռոբերտ Ռևազյանը , կինոգետ, բանասեր Արծվի Բախչինյանն ու «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանը:

Իրավաբան Լեւոն Բաղդասարյանն անդրադառնալով ցմահ դատապարտյալների գործերին, մասնավորապես, Մհեր Ենոքյանի խնդրին ասաց. «Ինչ ենք ցանկանում մենք: Ասում ենք պետական լիազոր մարմին, նոր երեւան եկած հանգամանքներով հարուցի վարույթ: Նման վարույթներ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, Ռուսաստանում տարեկան հարուցվում են հարյուրներով, որոնց որոշակի տոկոսով էլ վերանայվում են քրեական գործեր, որի արդյունքում անձին արդարացնում են կամ պատիժը թեթեւացնում»:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանն անդրադառնալով դատական գործընթացներին, երբ նոր երեւան եկած հանգամանքներով դիմեցին, որպեսզի քրեական գործեր հարուցվեն, ասաց. «Ինչո՞ւ չեն ցանկանում վերաբացել քսան եւ ավելի տարիներ նստած Մհեր Ենոքյանի, Սողոմոն Քոչարյանի գործերը…որովհետեւ գլխացավանք կառաջանա պատասխանատվության ենթարկել մեղավորներին, փոխհատուցման խնդիր կառաջանա: Կհարուցվի նոր քրեական գործ, նոր վարույթ: Մինչդեռ, նման գործերը համարվում են փորձաքար»:

Զարուհի Մեջլումյանը բարձրաձայնեց ապացույցների պահման անհրաժեշտության խնդիրը: Նա ասաց, որ ապացույցները չեն պահպանվել, ոչնչացվել են: Մեր գործընկերը հայտնեց, որ «Հետքը» եղել է դատարանների կենտրոնական արխիվում: Սողոմոն Քոչարյանի գործով չկա, մինչդեռ ապացույցների ցանկում նշվել է գլխավոր դատախազի տեղակալի զեկուցագրի մասին, իրենք պահանջով դիմել են դատարան, այդ զեկուցագիրը պահանջելու համար:

«Պետական համակարգը տղայական մոտեցում է ցույց տալիս»,-ասաց  Զ. Մեջլումյանը, չի լսում դատապարտյալներին, նրանց բողոքները, մինչդեռ ըստ հանրային կարծիքի, կոտրվել են այն կարծրատիպերը, թե անմեղ մարդ չկա բանտերում:

Ըստ նրա նույն բարձրաստիճան պաշտոնյանները ասում են՝ չնայած անմեղ մարդիկ կան, սակայն չեն մշակում գործիքներ, մեխանիզմներ, ապացույցներ բազա ստեղծելու, դատապարտյալների ձայնը լսելու համար:

Բանասեր Արծվի Բախչինյանն ասաց, որ չլինելով իրավաբան, լրագրող, ներկայացնում է այն հասարակությունը, որից մեկուսացրել են մարդկանց, եւ չի կարող անտարբեր գտնվել: Ըստ նրա, գործերը վերաբացելու մեխանիզմներ չկան:

Զարուհի Մուրադյանը լինելով նախաձեռնող խմբի անդամ՝ տեղեկացրեց, որ տպագրվել են Մհերի գրքերը, բեմականացվել դրանք, եւ իրենց շնորհիվ կարծրատիպեր են կոտրվել:

Ի դեպ, Լեւոն Բաղդասարյանն իր խոսքում ասաց մի բան, որը դարձյալ կարող է հնարավոր նոր երեւան եկած հանգամանք դառնալ. «Դեպքից քսան տարի անց միջազգային փորձագիտական կենտրոնը տալիս է եզրակացություն, որ քրեական գործի նյութերում եղած դեպքի վայրի եւ այլ դատաբժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ փորձագետը տալիս է մի գնահատական, միանշանակ Մհեր Ենոքյանը չի եղել սպանություն կատարող անձը, ինչպես նաեւ կասկածի տակ է դրվում այլ անձի չափից դուրս հավասարակշռված, իրարամերժ ցուցմունքները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031