Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Գուլոյան. «Ես ապաքաղաքականացված եմ, վե՛րջ». (Տեսանյութ)

Մայիս 26,2015 15:30

Այսօր ԱԺ-ում Կոտայքի նորանշանակ մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ծանոթացե՞լ է արդեն մարզի խնդիրներին, ի՞նչ խնդիրներ կան՝ նա պատասխանեց. «Ոչ բոլոր, ինչքանով հասցրել եմ՝ ծանոթացել եմ»:

Մեր հարցին՝ ինչքանո՞վ կկարողանաք, այսպես ասած, գլուխ հանել այդ գործից՝ նա պատասխանեց. «Շատ ուժեղ կկարողանամ գլուխ հանել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հատկապես իրեն նշանակեցին մարզպետ՝ Կարապետ Գուլոյանը հորդորեց դա իրեն չհարցնել. «Երեւի լավ եմ աշխատել՝ դրա համար»:

Հարցին՝ իսկ Ծառուկյանի փեսա լինելը դեր չի՞ խաղացել՝ Գուլոյանը հերքեց. «Լսե՞լ եք, որ Ծառուկյանի պարագան կա: Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ, բայց չէ, դեր չի խաղացել»:

Հարցին՝ երբ ողջ ՀՀԿ-ն հարձակվել էր Ծառուկյանի վրա, Դուք ձեզ ո՞նց էիք զգում՝ նա պատասխանեց. «Ոչ մի քաղաքական հարց ինձ չտաք: Ես ապաքաղաքականացված եմ, վե՛րջ»:

Հարցին՝ Աբովյանի ընտրություններում ո՞ւմ եք պաշտպանելու՝ նա պատասխանեց, որ նախընտրում է Վահագն Գեւորգյանի թեկնածությունը, թե ինչու՝ նա պատասխանեց. «Այդպես եմ գտնում, որ ինքը կկարողանա այդ լուծը տանել: Համայնքի ղեկավար աշխատելը այդքան հեշտ բան չէ, ինչքան որ ես տեսնում եմ եւ կարողանում եմ գնահատել»:

Նա վստահեցրեց, որ Վահագն Գեւորգյանը երբեք չի եղել Ծառուկյանի օգնականը. «Ուղղակի Ծառուկյանը, որպես մեծամասնական պատգամավոր, իր դիրքորոշումն է հայտնել: Իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ունի, չէ՞: Իրավունք ունի՞ իր կարծիքը հայտնելու»:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ ամբողջ մարզը տվել են Գագիկ Ծառուկյանին՝ Գուլոյանը արձագանքեց. «Էդ ի՞նչ ասելու բան է: Կոտայքը հանրապետությունից անջատվա՞ծ է»:

Կարապետ Գուլոյանը հայտարարեց. «Հարգելիս, Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում»: Լրագրողների դիտարկմանը՝ դուք գիտե՞ք, որ Ծառուկյանն իրավունք չունի չզբաղվել քաղաքականությամբ, նա ԱԺ պատգամավոր է՝ Կարապետ Գուլոյանը հակադարձեց. «Իսկ դուք գիտե՞ք, որ իր սահմանադրական իրավունքն է, ինքը գիտի ինչով զբաղվի, ինչով չզբաղվի»:

Այդ դեպքում, թե ինչու մանդատը վայր չի դնում, Գուլոյանը չպատասխանեց:

Անդրադառնալով իր գործընկերոջ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպերին՝ Կարապետ Գուլոյանն ասաց. «Հարուցված է քրեական գործ, թողեք թող իրավապահ մարմինները քննեն, հասկանան ինչ է կատարվում»: Նա վստահեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանին նոր է ճանաչում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031