Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաղը Երեւանում ու այլ համայնքներում բողոքի ակցիաներ՝ ընդդեմ հոսանքի թանկացմանը (Տեսանյութ)

Մայիս 26,2015 15:02

«Այս տարի 2-րդ անգամ է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնում, եւ այս անգամ էլ ակնհայտ է, որ այն անհիմն է»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը: Նրա ներկայացմամբ՝ ՀԷՑ-ի սխալ կառավարման արդյունքում պարտքեր են կուտակվում, որը պարտադրում են վճարել ժողովրդի գրպանից:

«Մեր խնդիրն այն է, որ չթանկացնեն: Մայիսի 27-ին ժամը 19.00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ»,-տեղեկացրեց ակտիվիստը: Նրա եւ ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ Ռիմա Սարգսյանի հավաստմամբ՝ այս անգամ երթը բազմամարդ կլինի, քանի որ իրենց արդեն հազարավոր մարդիկ են սոցիալական ցանցով տեղեկացրել ու ցանկություն հայտնել միանալ երթին:

Aravot.am-ի այն հարցին՝ նախատեսված բողոքի ակցիաներն այս անգամ էլ ստանդա՞րտ մեթոդներով են լինելու, թե նոր բաներ կմտածեն՝ կանխելու էլեկտրաէներգիայի թանկացումը, բանախոսներն ասացին, որ չեն ցանկանում իրենց հետագա քայլերը բացահայտել, որպեսզի որոշ ուժերի կողմից դրանք չկանխվեն նախապես:

Մեր այն հարցին էլ՝ տեսակետներ կան, թե ՀԷՑ-ի առաջարկած 17 դրամով չի թանկանա հոսանքը, այլ՝ ավելի քիչ, ցույց տալու՝ որ զիջումների գնացին, լավություն արեցին, եթե ասենք՝ 5 դրամով թանկացում լինի, ակտիվիստներն ինչպե՞ս կարձագանքեն, բանախոսներն ասացին՝ «Ոչ մի լումայով չպիտի բարձրանա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտարկմանը, որ հիմնավորում կա, որ էներգետիկ ոլորտում բալանսի խախտում գոյություն ունի, սակավաջուր տարի է եղել, վարկեր են վերցրել եւ այլն, Ռիմա Սարգսյանն ասաց, որ այդ վարկերի բեռն էլ սխալ կառավարման արդյունք է:

Իսկ Մաքսիմ Սարգսյանն էլ նկատեց, որ բացասական արդյունքով աշխատող ընկերությունը շռայլություն է թույլ տվել ու մեքենա է վարձակալել այդ նույն մեքենայի գնից կրկնապատիկ արժեքով. «Բացասական արդյունքով աշխատող ընկերությունը տնօրենին եւ վերնախավին 60 հազար դոլար աշխատավարձ է տվել, տարեկան թույլ է տվել մի քանի միլիոն դոլարի բարեգործություն ժողովրդի գրպանից»:

Բանախոսները տեղեկացրեցին, որ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությանը միացել են նաեւ մարզերի բնակիչները եւ վաղը հանրապետության տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են լինելու:

Մաքսիմ Սարգսյանի խոսքերով՝ «Մեծ հաշվով հիմնականում մարդկանց համար ընկալելի է այն հանգամանքը, որ ՀԷՑ-ում սխալ կառավարման խնդիր է եղել: Օրինակ՝ 230 միլիոն դրամ հեռախոսի գումար, 203 միլիոն՝ տարբեր կապերի վճար: Շատ-շատ կան նման բաներ, համոզված եմ՝ ժողովրդի մեծ մասը շատ բաներ չգիտի, եթե նորմալ երկիր լիներ, դատախազությունը զբաղվեր ՀԷՑ-ով, ավելի լուրջ բաներ ջրի երես դուրս կգային»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Իսկ հայտում ներառված են այնպիսի ծախսեր, որոնք հարուցել են հանրության դժգոհությունը. Օրինակ՝ գրասենյակների  շքեղ կահավորումը, թանկարժեք մեքենաների բարձր գնով վարձակալումն ու այլ նման ծախսեր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031