Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի մահափորձը Զաքարյանների միջադեպի հետ կապ ունի. փորձագետ

Մայիս 26,2015 14:54

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ Սյունիքում ողբերգություն է տիրում:

Այս մարզը նա այսօր «Հայելի» ակումբում նմանեցրեց համակենտրոնացման ճամբարին. «Որտեղ կա պարետ, մարդիկ, որոնք իրենց գոյությունը քարշ են տալիս ու չգիտեն՝ վաղը ում կծեծեն, ում կսպանեն կամ հաշմանդամ կդարձնեն: Բուդաղյանի սպանությունը տեղի ունեցավ, վերջում պարզվեց, որ ինքնապաշտպանություն էր: Վերջին խուլիգանությունը, երբ երկու եղբայրներին 60 հոգով ծեծեցին: Իհարկե, կգտնվի այն հարվածողը, որ հանեց Զաքարյանի աչքը, «շակալադնի ատնաշենիայով» կնստի, հետո կհայտնվի հոգեբուժարանում ու դուրս կգա, որ հերթական հային հաշմանդամ սարքի: Ու դա չի լինի Սուրիկ Խաչատրյանի որդին, այլ կլինի պատահական գեղջուկի որդի՝ սոված-ծարավ ընտանիքից»:

Նա կրկնեց իր ավելի վաղ հայտնած համոզմունքը, որ մարզպետի դեմ իրականացված մահափորձը բեմականացում էր. «Կրակ արձակվեց օրը ցերեկով, էն էլ ում վրա՝ պատերազմի հերոսի, որը գնդապետ օգնական ունի: Հետաքրքիր է, ծպտուն չեն հանում այդ սարսափելի դեպքով, չեն ասում՝ ինչպես համարձակվեցին ձեռք բարձրացնել պատերազմի հերոս մարզպետի վրա… Սա բնութագրել եմ բեմադրություն, որովհետեւ Սուրեն Խաչատրյանը երբեք առանց թիկնազորի Գորիսում ման չի գալիս, այնտեղ Բուդաղյանի վրա խոտը դեռ չի բուսնել: Նրա օգնականն ասում էր՝ առաջին գնդակը հենց եկավ մեքենայի ուղղությամբ, մարզպետը, որպես պատերազմի մասնակից, կողմնորոշվեց ու հրամայեց, որ մեքենան շեղեն բլրի արանքում ու այնտեղ պատսպարվեն: Հրամանատարի կոչը գերազանց էր, բայց ցանկացած գորիսեցի գիտի՝ մարզպետն իր մեքենայում մի ամբողջ վաշտի զենք է կրում, հետաքրքիր է՝ այդ հրամանատարն ինչու ճողոպրեց, չէ՞ որ կարող էր առաջին իսկ գնդակից պատասխան կրակ բաց թողնել: Հրամանատարին արդեն պարզ էր, որ կրակողն այնտեղ մեկն է ու մի կետից է գալիս… մահափորձը եղավ, որ մոռանանք Զաքարյանների գործը, երեսուներկու տարեկան հաշմանդամ դարձած տղայի, Բուդաղյանների գործը»:

Նա նկատեց, որ ՀՀԿ-ականները մարզպետի մասին պետք է ասեն՝ մեր ազնվագույն ընկերն է, բայց նախաքննությունը չպարզի՞ ինչ է կատարվել, ինչ չի կատարվել. «Եթե բարի կամք լիներ, ապա առաջին իսկ օրը նախաքննական մարմինը կվերցներ Սուրեն Խաչատրյանի դեմքից բամբակով նմուշներ, կոստյումը, փողկապը, դրանց վրա կան միկրոմասնիկների մի ամբողջություն՝ սկսած մետաղականից մինչեւ ապակի, բայց ծպտուն չկա»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ դատապարտում են ցանկացած բռնություն, իսկ ինքը նպատակահարմար չի համարում նախաքննության փուլում գտնվող դեպքերով կարծիքներ հայտնել. «Պատահական չէ, որ նախաքննական մարմինները ձեր հայտարարություններին չեն արձագանքում, ավելի լավ է նախաքննությամբ զբաղվեն, քան փորձեն քաղաքական ելույթներին արձագանքել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031