Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր կեղծ դեղերի դեմ պայքարի հուշագիր է ստորագրվել՝ համաշխարհային հայտնի դեղարտադրող ընկերությունների, Հայաստանում դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եւ Ինտերպոլի միջեւ:
Ի՞նչ է տալու այս հուշագիրը, մինչեւ հուշագիր ստորագրելն արդյոք Հայաստանում թույլ էր կեղծ դեղերի դեմ պայքարը: Aravot.am-ն այս հարցն ուղղեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին: Փոխնախարարի փոխանցմամբ՝ այսօր մեր երկրում կան ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք կարող են կանխել կեղծ դեղերի շրջանառությունը, եւ դա արվում է. «Սկսվում է սահմանից, նաեւ մեր հետազոտությունների արդյունքում, դեղգործակալության ուսումնասիրմամբ հայտնաբերվում են եւ կանխվում:
Կեղծ դեղերի անվան տակ բազմաթիվ այլ բաներ կան, օրինակ` գողացված դեղեր կան, որոնք մեր պատկերացմամբ կարող է կեղծ չլինեն, բայց միջազգային չափանիշով դրանք եւս կեղծ են: Այս հուշագրով կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման հարց է լուծվում: Կեղծ դեղերի դեմ պայքարում կարեւոր պայմաններից մեկը տեղեկատվություն ունենալն է արտադրող դեղերի, դրանց հատկորոշիչների, դրանց չափանիշների մասին»:
Կարդացեք նաև
Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ՝ հուշագիրը ստորագրեցին խոշորագույն ընկերությունների անվտանգության ղեկավարները, որոնք հենց իրենք պատասխանատվություն ունեն կանխելու այլ երկրներում իրենց արտադրած դեղերի կեղծումը, այս ընկերություններն օգնելու են Հայաստանին կեղծ դեղերի դեմ պայքարում:
Հարցին՝ պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունում դեղեր են կեղծվում, կամ ժամկետանց դեղերի վրա նոր պիտակներ են փակցվում, արդյոք նախարարությունը երբեւէ ստուգե՞լ է այս ընկերությունը, փոխնախարարն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: «Հատուկ տվյալներ՝ որեւիցե մի ցանցում դեղատնային կամ դեղագործական, այդպիսի համատարած կեղծ դեղերի տվյալներ չկան: Նման պարագայում անկախ կարգավիճակից, այդ դեղերն առգրավվում են, անկախ նրանից, թե որտեղ են վաճառվում, ովքեր են ներկրում»,-ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմին», փոխնախարարն ասաց՝ «Ես չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ «Նատալի ֆարմում» կան կեղծ դեղեր»:
Մեզ հետ զրույցում դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ ասաց, որ հուշագիրը իր ազդեցությունը կունենա, քանի որ հուշագրի ստորագրողները Եվրասիական տարածաշրջանում հայտնի եվրոպական արտադրողների ներկայացուցիչներ են, որոնք զբաղված են հենց կեղծ դեղերի հայտնաբերմամբ:
Մեր հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է կեղծ դեղերի տարանցիկ երկիր լինել, Թոփչյանը բացառեց այդ, հիմնավորելով՝ Հայաստանի շուկան փոքր է:
Մանրամասն՝ տեսանյութում
Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմի» մասին շրջանառվող լուրերին, Թոփչյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ «Նատալի ֆարմը», որը շուկայի հիմնական ներմուծողներից մեկն է, կեղծ դեղերի հիմնական տարածողն է, դա ուղղակի չի փաստվել:
«Նատալի ֆարմի» ներմուծած դեղերը մենք սահմանի վրա ուսումնասիրում ենք: Կեղծ դեղերը ներթափանցվում են հարեւան երկրներից փոքր քանակներով: 2013 թվականին մենք բացահայտեցինք մի քանի կեղծ դեղեր, որոնց քանակը շատ մեծ չէր»:
Իսկ թե ո՞ր ֆիրմայի դեղերն են կեղծված եղել, մեր այս հարցին էլ, Թոփչյանն ասաց. «Ֆայզերի», իսկ «Սերվյեի» «Ռոցեֆին» դեղը համապատասխանում էր նոմատիվին, բայց ժամկետանց էր: Այսինքն` բացահայտ կեղծ դեղ, որը վնաս պատճառի մեր ազգաբնակչությանը, մենք այսօր դաշտում չենք արձանագրել»: Թոփչյանի վստահեցմամբ՝ նշված կեղծ դեղերի բացահայտումից հետո, դրանք առգրավվել են եւ ոչնչացվել:
Հարցին՝ քաղաքացիները դժգոհում են, որ «Նատալի Ֆարմից» գնած դեղերի եւ այլ ընկերություններից գնածների միջեւ տարբերություն են նկատում, «Նատալի ֆարմ» դեղատներից գնած դեղերից ազդեցություն չի լինում, արդյոք այս հանգամանքը ուսումնասիրվե՞լ է, պարոն Թոփչյանն ասաց, որ իրենք մինչ օրս այդ ընկերության վերաբերյալ գրավոր տեղեկություն չեն ստացել, բայց եթե քաղաքացիները նման բան են նկատում, Թոփչյանը հորդորեց դիմել առողջապահության նախարարության եւ իրենց գործակալության թեժ գծերին, կամ գրավոր ներկայացնեն, ինչից հետո պատասխանատուները կուսումնասիրեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ