Ադրբեջանը 11 եւ 11.5 տարիների ազատազրկման է դատապարտել 4 հոգու, որոնք մեղադրվում էին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքների հանդեպ խաբեբայություններ անելու մեջ: «Кавказский узел»-ի փոխանցմամբ՝ երկու հոգի էլ պայմանական ազատազրկման են դատապարտվել:
Վճռի համաձայն՝ 2009-2013 թվականների ընթացքում հանցագործների խումբը Լեռնային Ղարաբաղի պատերազմում անհետ կորածների եւ զոհվածների ընտանիքներին բնակարան տրամադրելու պատրվակով, Սումգայիթում մի շարք քաղաքացիներից գումար է գողացել: Քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար, նրանք ներկայացրել են կեղծ փաստաթղթեր, որոնք, իբրեւ, հաստատվել են Միլի Մեջլիսի սոցիալական ապահովության բաժնում: Գործով տուժածները 45 հոգի են:
Վկայությունների համաձայն՝ խաբեբաները տուժածների մեկ սենյականոց բնակարանի համար պահանջել են 8.000 մանաթ (մոտավորապես 7.600) , երկու սենյականոց բնակարանի համար՝ 10.000 մանաթ (ավելի քան 9.500 ԱՄՆ դոլար), իսկ երեք սենյականոցների համար՝ 12.000 մանաթ (ավելի քան 11.400 ԱՄՆ դոլար):
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ