Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտի մասին կառավարության դիրքորոշումը ո՞րն է: Երբ տեղի է ունեցել վատ կառավարում, գողություն եւ չարաշահում, ինչո՞ւ դրա համար պետք է սպառողը վճարի, կառավարությունը չի՞ պատրաստվում պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Նա պատասխանեց. «Թանկացման դեմ պայքարել չէի ասի: Բայց ամբողջովին կիսում եմ ձեր կարծիքը, որ գողության եւ անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի: Թե գողության, թե անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին: Իսկ սպառողը պետք է վճարի միայն իր սպառած էլեկտրաէներգիայի համար: Եթե անջուր տարի է, սակավաջուր տարի է, մենք ունենք քիչ արտադրված էժան էլեկտրաէներգիա, այո, այդ դեպքում սպառողը պետք է վճարի, բայց մյուս դեպքերում՝ իհարկե, ոչ»:
Հարցին՝ գողության փաստով ինչո՞ւ քրգործ չի հարուցվում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հենց որ դուք հայտարարություն տաք…Երբ մենք խոսում ենք գողության մասին, եկեք բացենք փակագծերը՝ ինչի մասին է խոսքը: Յուրաքանչյուր առեւտրային կազմակերպությունում գոյություն ունեն կորուստներ: Առեւտրային կորուստները հաշվարկվում են ի սկզբանե, որոշ տեղերում կարող է լինի մանր գողություն, որը դու չես կարող բացահայտել, կամ դրա կանխման միջոցները, բացահայտման միջոցները անհամադրելի են: Հենց որ դրանից ավելի է, դա մենք պայմանական անվանում ենք գողություն: Բայց դա սեփականատիրոջ գրպանից կատարվող գողություն է, սպառողի գրպանից չէ: Այ եթե մենք դա սկսեինք ֆինանսավորել, շատ ճիշտ կլինեիք, դա կլիներ գողություն՝ սպառողի գրպանից: Իսկ եթե դուք էլ եք մտածում սեփականատիրոջ շահերի մասին, եթե ունեք փաստ, խնդրեմ, տվեք հայտարարություն»:
Դիտարկմանը, որ արդեն հայտարարվել է, որ նախատեսվածից 4-5 տոկոսով կորուստներն ավելի են, չպե՞տք է այդ դեպքում քրգործ հարուցվի՝ Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Եթե ձեր տանը ինչ-որ մեկը լինի շռայլ, նախատեսված չլինի դա ձեր բյուջեով, բայց աջ-ձախ նվերներ տա, ոչ միայն նվերներ տա, այլ ինչ-որ ավելի թանկ ապրանք էժան գնով վաճառի, ավելի մտահոգ այդ հարցով պետք է լինեք դուք: Խոսքը վերաբերում է սեփական մի ընկերության, որը մատուցում է ծառայություններ: Առաջին շահագրգիռ անձը պետք է լինի նա, ում գրպանից են գողանում: Անթույլատրելի է, որ դա փորձ կատարվի սպառողի հաշվին անել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կառավարությունը շահագրգռված չէ՞ հետաքննություն սկսել, ամեն տարի ընկերությունը ծախսեր է բերում եւ սակագինը բարձրացնում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ի՞նչ է անում հանձնաժողովը, թո՞ւյլ է տալիս ամեն տարի՝ ոչ: Յուրաքանչյուր տարի այն կորուստները, գերկորուստները երբեւէ սակագնի մեջ չեն արտահայտվել: Հանձնաժողովը միշտ պնդել է, որ սեփականատեր, սա թող նվազի քո շահույթներից: Դա է պահանջում մեր օրենսդրությունը»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք սեփականատիրոջ հետ քննարկումներ ունեցել են. «Ես համարում եմ, որ նաեւ կազմակերպական միջոցառումների հաշվին կարելի էր էապես կրճատել վնասները»:
Լրագրողներից մեկի հարցին՝ «Ինչի՞ պետք է ՀԷՑ-ի ղեկավարությունը «Լեքսուս» քշի եւ ես վճարեմ դրա համար, հենա ես կքշեմ»՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Շատ ճիշտ եք ասում, պե՞տք է որեւէ մեքենա քշի, թե՞ ոչ: Ենթադրվում է, որ որեւէ մի բաժանմունքի ղեկավարը պետք է քշի «Լեքսուս», թե ոչ: Պատասխանը հետեւյալն է՝ եթե ուզում է քշի «Լեքսուս», թող քշի, բայց միայն իր ընկերության շահույթի հաշվին: Հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ դուք քշում եք Լեքսուս, բայց ես կհաշվարկեմ այն նույն մեթոդով, որը պետական մարմինների համար է, եթե դուք «Լեքսուսը» գնել եք 100 հազար, ես կհաշվարկեմ սակագնում ընդամենը ստանդարտ մեքենայի հաշվով, օրինակ՝ 12 հազար: Այդ բոլոր քայլերն, իհարկե, կատարվում են, ծախսերը հաշվարկվում են»:
Նա վստահեցրեց, որ էական տարբերություն կա ՀԷՑ-ի ներկայացրած հայտի եւ հանձնաժողովի հաստատած սակագնի միջեւ. «Հանձնաժողովը չի ընդունում այդ ծախսը: դուք կարող եք ենթադրենք, առողջարանային համալիր կառուցել, մարզադաշտ սարքել: Կազմակերպությունն իրավունք ունի,սպառողի հաշվին՝ ոչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ