Երևան, Հայաստան, մայիսի 26 – հայկական «Սիմփլի Թեքնոլոջիս» ընկերությունն այսօր հայտարարեց Truthly բջջային հավելվածի թողարկման մասին: Հավելվածը թույլ կտա մարդկանց անկեղծ կարծիքներ ստանալ ընկերներից. կարծիքներ, որոնք սովորաբար չեն ասում դեմ առ դեմ:
«Հետադարձ կապը (feedback) արդյունավետ փոփոխության գլխավոր բաղադրիչներից է», – ասում է նախագծի հիմնադիրներից Ալեքսանդր Ադամյանը, «այն թույլ է տալիս մարդուն հասկանալ, թե ինչն է իր մոտ լավ և ինչը կարելի է բարելավել: Սակայն միշտ չէ, որ հետադարձ կապն իրենից արժեք է ներկայացնում: Արժեքավոր է այն հետադարձ կապը, որը մեզ տալիս են մարդիկ, ովքեր մեզ ճանաչում են և եթե այն տրվում է անկեղծ: Իսկ դրա պակասը մենք այսօր ունենք: Սովորաբար մեզ ասում են ոչ թե այն, ինչ իրականում կա, այլ այն, ինչ մենք ուզում ենք լսել»:
Truthly-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կենտրոնացած է բացառապես հետադարձ կապի վրա: Մարդիկ ստանում են մի միջավայր, որտեղ կարող են առանց կաշկանդվելու կարծիքներ հարցնել ընկերներից:
«Մենք փորձել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ հետադարձ կապ խնդրելը ամոթ կամ անսովոր բան չէ», – ասում է Truthly-ի հիմնադիրներից Հրաչյա Մանուկյանը, – «Հակառակը, մենք ամեն կերպ քաջալերում ենք մարդկանց անել դա: Մարդիկ պետք է հասկանան, որ հետադարձ կապը լավագույն անվճար գործիքներից է ինքնակատարելագործվելու և դեպի ավելի լավը փոխվելու»:
Իրականում Truthly-ն օգտակար է բոլոր կողմերի համար էլ: Մարդը, ով ուզում է ինքնակատարելագործվել և տարբեր ոլորտներում արդյունավետ արդյունքների հասնել, կարող է ստանալ շրջապատի մարդկանց խորհուրդները, կարծիքներն ու փորձը: Վերջիններս էլ հնարավորություն են ստանում իրենց ընկերոջն ասել այն, ինչը, միգուցե, երկար ժամանակ է չէին կարողանում ասել դեմ առ դեմ:
Հավելվածն անվճար է և առայժմ թողարկված է միայն iOS հարթակի համար: