Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներ, ընդունելություններ ու ընթրիքներ. Պատգամավորները բողոքում են կառավարության ծախսերից

Մայիս 26,2015 12:49

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ կառավարության բյուջեի 2014-ի հաշվետվությունը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Տիգրան Ուրիխանյանը նրանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չեն անցնում տնտեսման արտակարգ ռեժիմի, երբ 1 մլն աղքատ բնակչություն կա: Ներկայացուցչական բազմաթիվ ծախսեր, ավտոմեքենաները, չհաշված ընդունելությունները, ընթրիքները: Մի՞թե հնարավոր չէր դրանք կրճատել»:

David_HarutyunyanԴավիթ Հարությունյանը պատասխանեց. «Արտակարգ տնեսման ռեժիմը միշտ պետք է լինի, որովհետեւ երբեւէ որեւէ երկիր չի կարողանում ունենալ այնքան փող, որ գոհ լինի: Բայց դա չպետք է դառնա ծայրահեղ: Եթե խոսքը վերաբերում է արարողակարգային միջոցառումներին, չեմ կարծում, որ այդտեղ տնտեսումներ պետք է անել: Փորձս է ցույց տալիս, որ նման դեպքերում տնտեսումը բերում է հակառակ արդյունքի, կորուստների: Իհարկե, տնտեսումներ անհրաժեշտ են: Մենք իրականում մեքենա ձեռք չենք բերել անցյալ տարվա ընթացքում: Կարծում եմ, դուք դա պետք է ողջունեիք, պետք է ասեիք՝ ես ուրախ եմ, որ ի տարբերություն նախորդ տարիների, անցյալ տարի ձեռք չեք բերել»:

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց, որ ուրախանալու բան չկա, դա նորմալ է:

Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց. «Դա նորմալ չպետք է լինի, ծայրահեղություն կլինի, եթե համարենք, որ դա միշտ է լինելու: Բայց բոլորս գիտակցելով խնդիրը, ոչ մի մեքենա անցյալ տարի ձեռք չի բերվել: Արտասահմանյան գործուղումների ծախսերն էլ կատարել ենք 79 տոկոսով: Սա էլ է պայմանավորված տնտեսման ռեժիմով: Բայց արարողակարգային միջոցառումները, մենք չենք շռայլում, բայց գտնում ենք, որ պետք է իրականացվի պատշաճ»:

Տիգրան Ուրիխանյան ասաց՝ խոսքը նրա մասին է, որ էլեկտրաէներգիայի սակագին եք ուզում բարձրացնել: Արարողակարգային ծախսերը կարող են լինել տարբեր՝ այն պարագայում, երբ մարդիկ սոված են:

Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ կարող են տնտեսել ճանապարհների վրա եւ կարող են տնտեսել այլ ծախսեր, բայց անմիտ տնտեսումը ամենաանթույլատրելի շքեղությունն է, որ կարելի է թույլատրել:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հարցրեց. «Դուք մասնակցություն ունեք վարկային տարբեր ծրագրերի քննարկմանը, վարկայի ծրագրերի խորհրդատվական հատվածը կարող ենք իրականացնել մեր ռեսուրսներով՝ թույլ չտալով, որ մենք կորցնենք որակյալ կադրեր: Քննարկվո՞ւմ է խորհրդատվական հատվածի այդ տարբերակը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ խորհրդատվություն է կոչվում նաեւ նախագծումը, վերահսկողությունը եւ այլն: Հաճախ այդ բառը չի արտահայտում բուն էությունը, դա զուտ խորհուրդներ չեն. «Իհարկե, ես կողմնակից եմ, որ հայաստանյան կազմակերպությունները եւս  մասնակցեն, չի պարտադրվում, որ այն պետք է կազմակերպի այս կամ այն կազմակերպություն: Երբ խոսքը միջազգային մրցույթի է վերաբերվում, կան ֆորմալիզացված կանոններ»:

Նաիրա Զոհրաբյան էլ ասաց, որ եթե անկեղծ խոսեն, ապա այդ խորհրդատվությունների մեջ «ատկատներ» կան, դրա համար էլ մրցույթում հաղթում է կազմակերպություն, որը բոլորս էլ գիտենք, որ պիտի հաղթեր:

Դավիթ Հարությունյանն էլ հակադարձեց՝ կանխորոշում այստեղ չկա: Մրցույթում մասնակցում են այն կազմակերպությունները, որոնք բավարարում են պայմաններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031