Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը այսօր հայտարարեց, որ պատրաստ է լինել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարտավկան, միայն թե նա գա ու բացատրի՝ ինչ է կատարվում այդ մարզում:
«Զանգեզուր, Սյունիք ասելով՝ պետք է հասկանայինք առատ հյուրասիրությունն է, ավանդույթները: Վերջին հաշվով տարազը Սյունիքից է դուրս եկել: Բայց արդեն մի քանի տարի է՝ Զանգեզուր, Սյունիք ասելով՝ լսում ենք կրակոցներ, անարդարություն, մեզ համար առաջացել է խնդիր, դա արդեն Սյունիքի խնդիրը չէ: Կարծես թե կլաններ են ձեւավորվել, ու մենք անընդհատ մասնակցում ենք ինչ-որ կլանների պայքարին… ինչ-որ հակահերոսներ հասել են ինչ-որ կարգավիճակի ու հայհոյում են մեր Զանգեզուրը, պետականությունը ու մեր Սյունիքը դարձել է զոհ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով, պետք է ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի ու հետազոտեն՝ ինչն է պատճառը, որ Սյունիքն այդ օրին է հասել. «Թող դուրս գա Սյունիքի խնդիրը, այդ հակահերոս մարզը շրջանառությունից: Ես պատրաստ եմ Սուրեն Խաչատրյանի մարտավկան լինել, հրավիրեք այստեղ, թող ինքն ու իր զավակները գան, բացատրեն՝ գուցե իսկապես անմեղ են կամ եթե մեղավոր են, թող ասեն՝ ինչ է կատարվում»:
Նա նկատեց, որ մարզպետը բավականին հետաքրքիր կենսագրություն ունի, ազատամարտիկ է, բայց հիմա նույնիսկ նրա՝ պատերազմի մասնակից լինելը կասկածելի փաստ է դարձել.
Կարդացեք նաև
«Միակ դրական բանը այն է, որ զավակասեր է, ամեն ինչ անում է իր զավակների համար»:
Նրա խոսքով, սակայն նրա որդու մասնակցությամբ վերջին դեպքերը վկայում են, որ չկա հայր-զավակներ համերաշխությունը.
«Եթե կարեւոր պաշտոնյայի զավակ ես, պատասխանատվություն ես կրում, պետք է ավելի զուսպ ու անպաշտպան լինես, նախահարձակ չլինես:
Ինչքան կարելի է թիրախ դարձնել սեփական հորը: Պետք է ազատել Սյունիքը բացասական մթնոլորտից, դրա համար զավակները պետք է պատվախնդիր լինեն իրենց հայրերի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ