Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Սերժ Սարգսյանի արձակուրդների ծախսի եւ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին ներելու մասին

Մայիս 26,2015 12:33

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր աշխատակազմի բյուջեի 2014-ի հաշվետվությունը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նրանից հետաքրքրվեց Սերժ Սարգսյանի արձակուրդներից: Երբ Սերժ Սարգսյանը իր հանգիստն էր անցկացնում Հարավային Կորեայում, դրա համար ծախսվե՞լ են պետական միջոցներ, օգտագործվե՞լ են ծառայողական տրանսպորտային միջոցները, քանի՞ պետական պաշտոնյա է մասնակցել այդ ուղեւորությանը եւ այլն:

Հիշեցնենք, որ խոսքն այն այցի մասին է, որը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ Սերժ Սարգսյանը ցողունային բջիջների երիտասարդացման կուրսեր էր անցել ու նկարները հայտնվել էին համացանցում:

Vigen SargsyanԱյս առնչությամբ Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ նախագահի արձակուրդի անցկացման հարցերը օրենսդրությամբ հիմնավորված են. «ՀՀ նախագահը նաեւ մասնավոր այցերի ժամանակ կարող է օգտվել իրեն ամրացված միջոցներից եւ, իհարկե, անվտանգության աշխատողներից: Արձակուրդ անցկացնելիս ՀՀ նախագահին երբեւէ, բացի անվտանգության ծառայողներից որեւէ աշխատակիցներ չեն ուղեկցում եւ նման պրակտիկա գոյություն չունի: Ինչ վերաբերվում է ձեր բարձրացված այցի ծախսերին, կարող եմ ասել, որ պետական բյուջեից դրա վրա որեւէ ծախս չի կատարվել: Կարող են լինել ծախսեր՝ տրանսպորտային միջոցի՝ օդանավի: Բայց հստակ կճշտեմ, կներկայացնեմ»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ հարցրեց՝ նախագահի կողմից քանի՞ ներում է շնորհվել դատապարտյալներին, ինչո՞ւ ներում շնորհվեց Սուրիկ Խաչատրյանի մերձավոր հարազատներին, պատճառների հետ մենք կարո՞ղ ենք ծանոթանալ, թե՞ չէ:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ անձնական ներումների շնորհման որեւէ դրդապատճառ երբեւէ չի բացատրվում. «Նախագահի բացառիկ լիազորությունն է ներում շնորհելը: Հետևաբար` լրացուցիչ պարզաբանման, պատճառների բացահայտման եւ որոշման հիմնավորման անհրաժեշտություն չկա»:

Վիգեն Սարգսյանը հստակ թիվը չկարողացավ նշել, թե քանի դատապարտյալի է ներում շնորհել նախագահը. «Բոլոր դեպքերում ներումների թիվը չի գերազանցում 15-20-ը»:

Զարուհի Փոստանջյանը պնդեց՝ կարո՞ղ ենք իմանալ, ինչու հենց այդ անձանց է նախագահը ներում շնորհել: Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Չեք կարող: Ներումը նախագահի բացառիկ լիազորությունն է, եւ քաղաքական որոշման արդյունք է: Բայց հաշվի են առնվում բազմաթիվ հանգամանքներ՝ սկսված անչափահաս երեխաների առկայությունը, նախկին դատվածությունը, կատարած հանցանքի ծանրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031