«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
– Ինչո՞վ եք բացատրում, որ էներգետիկայի նախարարը ասուլիսում խոսում էր գողության մասին, խորհրդարանում ասում էր՝ հնարավոր չէ գողությունն ապացուցել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի՞ գնալու «Եվ ինձ, և քեզ» ճանապարհով՝ թանկացնելով, բայց՝ պահանջվածից քիչ։ Եվ ռուսներն են գոհ՝ թանկացում ստացան, և հայերը՝ ուզածը չտվեցին։
– Հայ մարդն աշխարհի ցանկացած կետում, ներառյալ պատերազմող, ավելի լավ է ապրում, քան իր հայրենիքում։ Վերջերս Մարտունու գյուղերից մեկն էինք գնացել հուղարկավորության, հանգուցյալի դագաղը բռնող երիտասարդ չկար ամբողջ գյուղում, մնացել էին տատիկներ ու պապիկներ, ամենաերիտասարդը մենք էինք՝ այսպիսի վիճակի ենք հասել, ու դա չտեսնելը, անհող լավատեսություն սերմանելը, գործարաններ փակելով լուծումներ գտնելը ոչ միայն խելամիտ չէ, այլև անբարոյական է։
Թե Երվանդ Զախարյանի, թե Ռոբերտ Նազարյանի ազգանունները յան-ով են վերջանում, հայ են, ապրում են Հայաստանում, բարձր պաշտոնյա են, բայց հարևաններ ունեն, ծանոթներ և տեսնում են, որ մարդիկ ամեն լուման հաշվում են, ու դա չի կարող իրենց չմտահոգել ու չվերաբերել։ Բայց երբ սկսվում են Կրեմլից ճնշումները՝ ինչ ասել ու ինչպես պահել, եթե ոչ, կգան այնպիսիները, ովքեր գիտեն ում ինչքան վճարել, նրանք, որ իրականությանն ադեկվատ գնահատականներ են տվել, վերադառնում են ռեալ իրականություն։ Միանշանակ է, որ խնդիրները լուծում են ուզում, որ վիճակը ծայրահեղության է հասել ու այսպես շարունակել չի ստացվի։ Մարդիկ փող չունեն, ինչի՞ց կտրեն, որ լույսի փողը տան։
Կարդացեք նաև
– Ի՞նչ եք առաջարկում։
– Գլոբալ առումով՝ համակարգային փոփոխություն, իսկ կոնկրետ խնդրով՝ որպես ՀՀ քաղաքացի, քաղաքական կուսակցության անդամ՝ կատեգորիկ դեմ եմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ու հնարավորն անելու եմ, որ Հայաստանի հասարակությունը թույլ չտա էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը։ «Հանրապետության» քաղխորհուրդը որոշում է կայացրել մասնակցել մայիսի 27-ի երթ-հանրահավաքին, բոլորին կոչ ենք անում միանալ պայքարին՝ մեր պետության, մեր շահերը պաշտպանելու համար։
– Երեկ Դուք միացա՞ք երկու ժամով լույսերն անջատելու ակցիային։
– Այո, կարծում եմ դա միակ դեպքն էր, որ խավար ստեղծելով հնարավոր էր հանուն լույսի պայքարել։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում