Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ աշխատակազմի 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց՝ ԱԺ-ի կապիտալ շինարարության համար 87 մլ դրամ է ծախսվել, ինչի՞ վրա է դա ծախսվել. «Ես ուզում եմ հիշել, թե ինչ շինարարություն է արվել, մի տեսակ չեմ մտաբերում»:
Հետո Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Արդեն 10 օրից ավելի ես նկատում եմ, որ ԱԺ-ում նոր ջիփ մեքենաներ կան, ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաներն են փոխվել եւ ֆրակցիայի ղեկավարներինը: Ինչքա՞ն է ծախսվել դրա վրա եւ ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից է դա արվել»
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ 2014-ին 1 մեքենա է ձեռք բերվել ԱԺ նախագահի համար, իսկ ինչ վերաբերվում է Մարուքյանի տեսածին, դրան կանդրադառնան 2015-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս:
Ինչ վերաբերվում է շինարարությանը, Հրայր Թովմասյանն ասաց, որ եղել է Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում շինարարություն, աստիճանների եւ ամբողջ ԱԺ-ի դիմացի հատվածում. «Այդ աշխատանքները նորից դեռ պետք է շարունակենք: Որոշակի աշխատանքներ կատարվել են նաեւ սանհանգույցներում: Եթե անհրաժեշտություն կլինի, կոնկրետ կատարած աշխատանքներով կներկայացնենք»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ 2014-ի մեքենայի պատմությունը հիշում է: Խոսքը մոտ օրերս ԱԺ նախագահին սպասարկող նոր «Նիսան» ջիփ մեքենաների մասին է. «Պարզ է, որ հիմա 2014-ի տեղեկատվություն եք զեկուցում, բայց ես կարծում եմ, որ նման ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկրի պաշտոնատար անձինք պետք է իրենց այնպես պահեն, որ գումարներ չծախսեն: Հենց գումար է պետք լինում՝ ասում են չկա, բայց անընդհատ նոր դասի մեքենաներ ձեռք բերելու համար գումար կա՞»:
Հրայր Թովմասյանը բորբոքվեց՝ դուք եք հաստատել բյուջեն եւ այնտեղ ներառված են եղել այդ բոլոր ծախսերը, թե ինչ էր նախատեսված: ԱԺ-ն չէր կարող բյուջեով չնախատեսված ծախսեր անել. «Հստակ նշված է եղել, թե օրենքով որ աշխատակիցներին էր հասնում այդ ծառայողական մեքենաները: Ինչ վերաբերում է ձեր տեսածին,այո, ֆրակցիայի ղեկավարները ստացել են նոր ներկայացուցչական մեքենա»:
Տիգրան Ուրիխանյանն էլ դժգոհեց ծախսերից. «1 մլն աղքատություն կա երկրում: Վարչական շենքերի ֆասադների վերանորոգումը, ավտոմեքենաները, կներեք, երկրորդական հարց է: Կան ԱԺ աշխատողներ, որոնք այս պահի դրությամբ տարրական սեղան չունեն, բայց տեսեք, ֆասադներ են վերանորոգում, նոր ավտոմեքենաներ են գնում»:
Հրայր Թովմասյանն էլ արդարացավ, թե ԱԺ-ի աստիճաններն այնպիսին էին, որ այդ նույն աշխատողը կարող էր աստիճաններից ընկնել, ոտքը կոտրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ