«Պետք է ամեն ինչ անենք, որ քարոզչությունն անցնի առանց վիրավորանքների եւ հայհոյանքների»,- այսօր մեկնարկած քարոզարշավում հայտարարեց Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը:
Հիշեցնենք, Աբովյանում ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին: Առաջադրվել է վեց թեկնածու: Հիմնական մրցակիցներն են Վահագն Գեւորգյանը եւ Արթուր Հարությունյանը (Պալաչ) Վահագն Գեւորգյանին սատարում են իշխող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն: Նա համարվում է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտերիմը:
Վահագն Գեւորգյանն իր խոսքում իր թիմակիցներին կոչ արեց`չիջնել անձական վիրավորանքի դաշտ: «Մեզ պետք են քաղաքակիրթ ընտրություններ: Աբովյանին պետք է բացարձակ մեծամասնության քվեն ստացած իշխանություն»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իր`Գագիկ Ծառուկյանի մտերիմը լինելու մասին խոսակցություններին, Վահագն Գեւորգյանն ասաց, որ հպարտանում է նրանով, որ աշխատել է Գագիկ Ծառուկյանի հետ: Ասաց նաեւ, որ ընկերական հարաբերություններ է պահպանում տարբեր կուսակցություններից քաղաքական գործիչներից շատերի հետ: «Ինձ սատարելու կոչեր են արել հիմնական քաղաքական կուսակցությունները, հեղինակավոր մարդիկ. դա ինձ համար պատասխանատվություն է: Պահանջում է ավելի ջանք ու եռանդ: Ես պատրաստ եմ ստանձնել դա»,- ասաց Վահագն Գեւորգյանը`հավելելով, որ չի կարող հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր հավատում են իրեն:
Թեկնածուի կարգախոսն է` «Քաղաքի հոգսերով յուրաքանչուրիդ կողքին»:
«Առաջ`դեպի հաղթանակ»,- կոչով թեկնածուն եզրափակեց իր ելույթը
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ