Այն, որ սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում, մեղմ ասած, լավ չէ, նորություն չէ։ Նվազել են արտաքին առևտրի ծավալները, արտերկրից ստացվող տրանսֆերտները կրճատվել են, բանկերի կողմից վարկավորումը թուլացել է, մանրածախ առևտրաշրջառանությունը կրճատվել է, և այլն։ ՀՀ բնակիչներն այս տվյալների կարիքը չունեն՝ նրանք իրենց մաշկի վրա են զգում դժվարությունները։ Զրուցեք անհատ քաղաքացիների և ընկերությունների սեփականատերերի հետ այս թեմայով, և ինքներդ կհամոզվեք։ Առկա վիճակն ու ռիսկերը հաշվի առնելով՝ տեղական ու միջազգային մի շարք վերլուծաբաններ ու կազմակերպություններ չեն հավատում, որ այս տարի կհաջողվի 4.1% տնտեսական աճ ապահովել (ինչպես նախատեսված է բյուջեով):
Սակայն, արի ու տես, որ պաշտոնական վիճակագրությունը մեզ այլ բան է համոզում։ Մեզ ապացուցում են, որ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսությունն ակտիվացել է 2.7%֊ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեզ նաև ապացուցում են, որ աշխատավարձերը կրկնակի արագ են աճել, քան գները։ Այսինքն՝ ամեն ինչ նորմալ է։
Ավելին, հայրենի կառավարությունը շարունակում է պնդել, որ բոլոր հոռետեսները սխալվելու են, և այս տարի տնտեսական աճ ենք ունենալու։ Այսպես, ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ (մայիսի 21) վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով՝ առկա է տնտեսական ակտիվություն։ «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք,- ասել է կառավարության ղեկավարը։- Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալով՝ լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»։ Վարչապետն առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու, և համոզմունք է հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի, և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում