Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «2014-ին նոր մեքենա ձեռք չենք բերել, որպեսզի օրինակ ծառայենք»

Մայիս 26,2015 11:09

Այսօր ԱԺ-ում պետա-իրավական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը մի շարք ոլորտներում:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացված բյուջեի հաշվետվությունը:

Vigen_Sargsyan_2 Vigen_Sargsyan_1

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Վիգեն Սարգսյանին «բրավո» ասաց՝ 100-րդ տարելիցի միջոցառումները ընտիր կազմակերպելու համար: Նա այսպիսի հարց ուղղեց՝ ինչպիսի՞ դժվարություններ ստեղծեցին մեր ոխերիմ թշնամիները՝ այդ միջոցառումները այդքան փայլուն իրականացնելու ճանապարհին: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ այդ միջոցառումների համար պետական միջոցներ գրեթե չեն ծախսվել, միայն մի հատկացում է եղել պահուստային ֆոնդից՝ մեկնարկի աշխատանքների համար, ուստի այդ հարցը բյուջեի կատարմանն այնքան էլ չի առնչվում: Մնացած միջոցները մեր հայորդիների նվիրատվությունների հաշվին են կազմակերպել: Ինչ վերաբերում է մեր ոխերիմ թշնամիների քայլերին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Մենք արել ենք միջոցառում, որոնք ուղղված են եղել հիշողության ամրապնդման, միջազգային պայքարի ամրապնդման՝ ցեղասպանության դատապարտման»:

Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց մեքենաների ձեռքբերումից՝ այս տարի մեքենաներ ձեռք բերե՞լ է նախագահի աշխատակազմը, եթե այո՝ ինչի՞ համար: Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Նոր մեքենաներ 2014-ին ձեռք չենք բերվել»:

Տիգրան Ուրիխանյանին մտահոգել էր քաղաքացիություն ստացած եւ քաղաքացիությունից հրաժարվածների թվերի համադրությունը. «Երբ ՀՀ-ում պաշտոնական թվերը հռչակում են շուրջ 1 մլն-ի հասնող մարդկանց աղքատություն, արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի: Մասնավորապես, նախագահի աշխատակազմի օրինակով կուսակցությունների աջակցման եւ այլ հոդվածներում օրինակ, արդյոք դա չէ՞ր ստեղծի բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ երկրում, հույս եւ հավատ՝ աղքատ բնակչության համար»:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ 13 հազար 266 քաղաքացի քաղաքացիություն է ստացել, քաղաքացիությունից հրաժարվել է 2200 անձ: Իհարկե, ցանկացած անձի՝ քաղաքացիությունից դուրս գալը մտահոգիչ է»: Նա ասաց, որ քաղաքացիություն ստացածների մեջ են մտնում սիրիահայերը:

Ինչ վերաբերում է տնտեսմանը՝ նա ասաց, որ այդ հարցը ճիշտ է բարձրացնել պետբյուջեի պլանավորման ժամանակ, որը նույնպես խորհրդարանում քննարկվում է. «Փորձում ենք հասկանալ, թե խնայողության որ հատվածում կարող ենք լուծել ավելի շատ սոցիալական խնդիրներ: Դրանով է պայմանավորված, որ եկող տարի չի բարձրանալու պետական ծառայողների աշխատավարձը: Հարցը հասկանում եմ, կարեւոր հարց է»:

Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Միջին եւ միջինից ցածր պետական պաշտոնյան, այս իրավիճակը հաշվի առնելով՝ իրեն թույլ է տալիս ձեռք բերել մի քանի տասնյակ հազար դոլարանոց մեքենա, նախագահի աշխատակազմը օրինակ ցույց չի տալիս»:

Վիգեն Սարգսյանն էլ պատասխանեց. «Սեփական օրինակով դրա համար 2014-ին նոր մեքենա ձեռք չենք բերել, որպեսզի օրինակ ծառայենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031