Երեկ ժամը 21:00-23:00-ն կայացավ «Մութ ժամեր» ակցիան, որի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ, ի նշան բողոքի, երկու ժամով անջատեցին էլեկտրաէներգիան։ Երեկ ակցիայի ավարտից հետո, մի քանի հարց ուղղեցինք ակցիայի կազմակերպիչ Արայիկ Հարությունյանին.
– Արայիկ, ինչպե՞ս անցավ ակցիան։ Քանի՞ մարդ նշված ժամին անջատեց էլեկտրաէներգիան։
– Էդպիսի տվյալներ կարող է միայն ՀԷՑ-ը տալ ու համեմատել նախորդ օրերի հետ՝ որքան էլեկտրաէներգիա է ծախսվել նախկինում ու որքան երեկ։ Միայն համացանցով՝ ակցիային միանալու հայտ էր ներկայացրել 5300 մարդ։ Իմ ամբողջ շրջապատը այդ ժամերին հոսանք չի սպառել, իսկ ամբողջ Ֆեյսբուքում «Մութ ժամեր» ակցիայի լուսանկարներ են եղել։
– Հնարավո՞ր է առաջիկայում նորից շարունակվի «Մութ ժամեր» ակցիան։
– Հնարավոր է, որովհետեւ այս ակցիայի ամենակարեւոր բաղադրիչներից մեկն էլ լրատվամիջոցների աննախադեպ մասնակցությունն էր։ Լրատվամիջոցները այդ 2 ժամվա ընթացքում չթարմացան, անգամ մի հեռուստաալիք ընդհանրապես եթերից դուրս եկավ, ու նման համերաշխություն հայկական մեդիաոլորտում ես՝ համենայնդեպս, չեմ հիշում։ Առաջիկայում կերեւա՝ պայքարի այս ձեւը նախընտրելի՞ է, թե ոչ։ Կարեւոր էր նաեւ, որ տասնյակ հազարավոր մարդիկ իրազեկվեցին խնդրի մասին։
Մ. Կ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում