Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտավան, Մակի Զարգացման ծրագրի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, պետական այլ գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, , միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հովհաննես Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քննարկման այսպիսի հարթակ ստեղծելու համար, նշել է, որ այն օգտակար կլինի քննարկելու և հասկանալու համար կոռուպցիայի դեմ պայքարի ներկա վիճակն ու հետագա գործողությունների տեսլականը: Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ հիմնահարցեր և դրանց լուծման ինչպիսի՞ քայլերի անհրաժեշտություն կա, որի համար պետք է միավորել ջանքերը, համադրել լուծման գործիքները՝ պետության գործողությունների առավելագույն արդյունավետության ապահովման համար:
«Սա այն ֆորմատն է, որտեղ մեր մտահոգություններն ու տեսակետները հասանելի կլինեն միմյանց, որի համար փորձել ենք ապահովել շահագրգիռ կողմերի հնարավորինս լայն ներգրավվածություն: Կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե, կարևոր է քաղաքական կամքը: Կառավարությունն ունի այդ կամքը, այդ իսկ պատճառով էլ կարևորում ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ակտիվ և շահագրգիռ մասնակցությունն այս կարևոր գործին»,-շեշտել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը ընդգծել է քննարկումներն ու բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ գործողությունների հստակ ընթացակարգ և համագործակցային այնպիսի ֆորմատ ունենալու համար, որով հնարավոր կլինի մոտ ապագայում շոշափելի արդյունքներ գրանցել:
Կարդացեք նաև
2014 թվականին ընդունվել է հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի հիման վրա 2015 թվականին ՀՀ-ում ստեղծվել է նոր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, մշակվել և բազմիցս շահագրգիռ մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ոլորտային ծագրերը։ Միջոցառումներ են ձեռնարկվել դոնոր կազմակերպությունների գործունեության արդյունավետ համակարգում ապահովելու համար։ Ըստ արդարադատության նախարարի՝ շարունակվում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, և այս ոլորտում առաջընթացն արդեն իսկ նկատելի է: Այդ համագործակցության արդյունքում, Հովհաննես Մանուկյանի խոսքով, 2014 թվականին կոռուպցիայի դեմ պայքարում գրանցվել են տեսանելի հաջողություններ, մասնավորապես, Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբն /ԳՐԵԿՈ/ ամբողջովին կատարված է համարել Հայաստանին տրված նախկին բոլոր 19 հանձնարարականները, սակայն դա բավարար չէ, և դեռևս լուրջ անելիքներ կան: «Մենք ընդունում ենք, որ շոշափելի արդյունք կապահովենք այն ժամանակ, երբ հասարակությունը տա իրական գնահատական, իսկ դրա համար չպետք է լինի միայն քննադատություն, այլ կոնկրետ առաջարկություններ և իրապես շահագրգիռ քննարկում: Մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ, բայց դա չի նշանակում, թե այն փոփոխման ենթակա չէ: Պետք է թևերը քշտել և մտնել պայքարի մեջ»,-հավելել է նախարարը:
Տրայան Հրիսթեան իր գոհունակությունն է հայտնել նման ներգրավվածության համար, որը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում որոշակի տեղեկատվության փոխանակման և առաջարկություններ լսելու համար: «Կարևոր է քննարկել, երկխոսել և գտնել լուծումներ կոռուպցիայի դեմ պայքարում»,-ընդգծել է դեսպանը: Նա հղում է կատարել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային, որին միացել է նաև Հայաստանը, ինչը հաստատում է, որ Հայաստանը ցուցաբերել է նախաձեռնություն և կամք կոռուպցիայի դեմ պայքարում, որի համար անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը դոնոր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը լրջագույն ջանքեր է ներդնում այս սկզբունքների կյանքի կոչման համար: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել և՛ կառավարությանը, և՛ քաղաքացիական հասարակությանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակը և վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարության կատարած գործողությունները: Նա բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերը ոլորտում՝ հավելելով, որ հավաքագրվել են հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր հետազոտություններն ու ներառվել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ:
Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկ է եղել ստեղծելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր՝ կոնկրետ ժամկետներում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսված կոնկրետ միջոցառումներ համատեղ իրականացնելու համար: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ առաջարկն ընդունելի է՝ հայտնելով այդ ուղղությամբ քննարկումներ կազմակերպելու և կարծիքներ լսելու պատրաստակամություն:
Հանդիպման արդյունքում, Արդարադատության նախարարության առաջարկով որոշվեց քննարկման առարկա դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համախմբման նոր մեխանիզմ ստեղծելու հարցը, որում կներգրավեն ՀՀ կառավարության, միջազգային /դոնոր/ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն