Հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին խաղերին Հայաստանը մասնակցելու է վեց մարզաձեւից՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, հրաձգություն, սամբո եւ թաեքվոնդո:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մի քանի օր առաջ «Առավոտին» տեղեկացրել է, որ բոլոր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները ներկայացրել են Բաքու մեկնելու պատրաստվող հավաքականների կազմերը, որոնք ՀԱՕԿ-ն արդեն ուղարկել է համապատասխան ատյաններ:
Պարոն Ռոստոմյանի խոսքերով, մի քանի բացառություններով ուժեղագույններով համալրված մեր թիմերը մրցավայր մեկնելու են Թբիլիսիից, փուլ առ փուլ: Չնայած Ադրբեջանը ՄՕԿ-ին ու ԵՎՕԿ-ին երաշխավորել է Հայաստանի պատվիրակության անդամների լիակատար անվտանգությունը, սակայն ՀԱՕԿ-ը մեր հավաքական թիմերի մեկնման եւ վերադարձի ժամանակացույցը կազմակերպել է այնպես, որպեսզի հայաստանցիները հարեւան երկրում մեկ օր անգամ ավելի չմնան: «Թիմերը Բաքու մեկնելու են փուլ առ փուլ, այն հաշվարկով, որ իրենց մարզաձեւի մրցումներն ավարտվելուց հետո ավելորդ օր անգամ չմնան այնտեղ», – ասել է Հրաչյա Ռոստոմյանը: Ասենք նաեւ, որ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Հայաստանի պաշտոնական պատվիրակության մի քանի ղեկավարներ մրցավայր մեկնելու են առաջինը: Եվրոպական խաղերի մեկնարկից օրեր առաջ նրանք մասնակցելու են Խաղերի կազմակերպական աշխատանքների ընթացքին նվիրված համաժողովներին, Եվրոպական օլիմպիական կոմիտեի, մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների եւ կազմկոմիտեի հետ միասին տեղում ծանոթանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի մարզիկների ու մարզիչների համար ստեղծված պայմաններին, մշակված միջոցառումներին եւ վերադառնալու են վերջինը, երբ մեր բոլոր քաղաքացիները արդեն հեռացած կլինեն Ադրբեջանից:
Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մեր հավաքական թիմերը համալրվել են հետեւյալ մարզիկներով:
Կարդացեք նաև
Ազատ ըմբշամարտ:
57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 66 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 85 կգ՝ Մուսա Մուրթազալիեւ, 125 կգ՝ Լեւան Բերիանաձե:
Հունահռոմեական ըմբշամարտ:
59 կգ՝ Ռոման Ամոյան, 66 կգ՝ Միհրան Հարությունյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան:
Թաեքվոնդո:
80 կգ՝ Արման Երեմյան:
Բռնցքամարտ:
49 կգ՝ Արտյոմ Ալեքսանյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 56 կգ՝ Արամ Ավագյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 81 կգ՝ Նիկոլ Հարությունով:
Ձյուդո:
60 կգ՝ Հովհաննես Դավթյան, 73 կգ՝ Դավիթ Նիկողոսյան, 52 կգ՝ Ժաննա Ստանկեւիչ:
Հրաձգություն:
Նորայր Առաքելյան՝ ատրճանակ
Հրաչիկ Բաբայան՝ հրացան:
Դեռեւս հայտնի չէ միայն սամբոյի հավաքականի կազմը: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վաղը մեր վեց սամբիստներ մեկնում են Ֆրանսիա՝ մասնակցելու «Գրան Պրի» մրցաշարին, որից հետո միայն վերջնականապես կորոշվի, թե ովքե՞ր կլինեն այն երեք մարզիկները, որոնք կմեկնեն Բաքու: Սամբիստները Ֆրանսիայից վերադառնալու են հունիսի 1-ին: «Այդ ժամանակ կհայտարարենք Եվրոպական 1-ին խաղեր մեկնողների անունները», -ասաց Լեւոն Հայրապետյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.05.2015