Երբ 1995 թվականին պետք է ընդունվեր Հայաստանի Սահմանադրությունը, այդ նախագծի տեղական ինքնակառավարման մասին բաժնի վերաբերյալ ընդդիմադիրները կատակում էին՝ «ի՞նքն ա կառավարում»: Նկատի ունեին, որ համայնքներն իրականում ղեկավարելու է երկրի առաջին դեմքը: Ցավոք սրտի, այդ առումով կանխատեսումը ճիշտ էր, եւ պետական կառուցվածքը ձեռք բերեց հենց այդպիսի բնույթ: Իշխանությունը մեզանում չափազանց կենտրոնաձիգ է, կազմակերպված է «Երեւանի վարչակազմ-մարզպետարաններ-գյուղապետարաններ (քաղաքապետարաններ) ուղղահայացով», եւ վերջին օղակը միայն կոչվում է «տեղական ինքնակառավարում», իրականում դա պետական կառավարման մի մասն է:
Համայնքապետը բացարձակապես ինքնուրույն անձնավորություն չէ՝ նա կարող է ձեւական առումով լինել որեւէ կուսակցության անդամ (ոչ ՀՀԿ-ական), կարող է կոչվել նաեւ «անկուսակցական», սակայն իրականում նա անում է այն, ինչ իրեն կհրամայեն մարզպետարանից, այսինքն՝ պետական կառավարման մարմնից: Երբ իշխող կուսակցության անդամները պարծենում են, թե իրենք, ի տարբերություն այլ կուսակցությունների, «լավ են աշխատում տեղերում», դա նշանակում է, որ այդ «տեղերում», ինչպես եւ ամենուր, վարչական լծակները՝ ոստիկանությունից սկսած եւ փառապանծ Էլցանցով վերջացրած, գտնվում են իրենց ձեռքում: Բայց դա բացարձակապես քաղաքական աշխատանք չէ:
Կարեւորն այդ լծակներն են՝ մնացածը քնարական զեղումներ են: «Քաղաքական աշխատանքը» կուսակցությունները՝ թե ՀՀԿ-ն եւ թե մնացածը, իրականացնում են հետեւյալ կերպ: Գալիս է ՀՀԿ-ականը գյուղ, իջնում է իր «ջիպից» եւ անդրավարտիքը մի փոքր վերեւ քաշելով (որ չցեխոտվի)՝ հարցնում է. «Ո՞նց եք, ժողովուրդ ջան»: Պատասխան. «Լավ ենք, թագավոր ախպեր: Մենակ մի խնդիր կա՝ կարա՞ս օգնես», եւ շարադրում է խնդիրը: ՀՀԿ-ական. «Սպասի, հըլը զանգեմ»: Զանգում է, եւ հարցը կամ լուծում է, կամ չի լուծում: Գալիս է ընդդիմադիրը, իջնում է ջիպից եւ հարցնում. «Ո՞նց եք, ժողովուրդ ջան»:
Պատասխան (նույն մարդկանց կողմից). «Վայ, վատ ենք, թագավոր ախպեր: Ե՞րբ ենք սրանցից պրծնելու: Մի բան արեք՝ սրանց քշեք»: Ընդդիմադիր. «Այո, ժողովուրդը պետք է համախմբվի, մի բռունցք դառնա եւ վերջ տա հանցավոր ռեժիմին: Հաջորդ հանրահավաքի մասին մենք ձեզ կտեղեկացնենք»: Որից հետո երկու դեպքում էլ քաղաքական գործիչները նստում են իրենց ջիպերը եւ վերադառնում Երեւան:
Կարդացեք նաև
Եվ գյուղացիները մնում են մենակ իրենց գյուղապետի հետ միասին, որը եթե ուզում է ինչ-որ ձեւով օգտակար լինել իր համայնքին, ապա պետք է մարզպետարանի հետ «լավ լինի»: Որովհետեւ համայնքը գրեթե չունի իր սեփական միջոցները եւ ամբողջությամբ կախված է մարզկենտրոնի քմահաճույքից: Գյուղապետը գուցե ունի նաեւ իր փոքր բիզնեսը, որը նույնպես կախված է վերը նշված ուժերից: Այստեղից էլ եզրակացություն արեք, թե ով է կառավարում համայնքներում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ