Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. «Ստվերի դեմ լուրջ պայքար չեմ նկատել»

Մայիս 25,2015 23:10

«Ստեղծված իրավիճակում տնտեսական 4 տոկոս աճ չի կարող կատարվել: Իրավիճակը մեկ-երկու ամիս հետո, ինչպես կարող է փոխվել, դժվար է ասել, բայց այս պահին չկա որեւէ հանգամանք, որ կկատարվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նա նշեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությունը իր ազդեցությունն է ունեցել այդ երեւույթի վրա: Նա նկատեց, որ 2015 թվականի բյուջեն հաստատելիս հաշվի չի առնվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը. «Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանի վրա անուղղակի կերպով ազդում են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը վատթարանում է, Հայաստանը, փաստորեն, հայտնվում է նաեւ միջազգային մեկուսացման դաշտում, եւ Հայաստանի դեմ անուղղակիորեն կիրառվում են տնտեսական պատժամիջոցները: Որովհետեւ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, ի վիճակի չէ աշխարհի հետ հարաբերություններ ունենալ»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ստվերի դեմ պայքարին՝ նշելով, որ բավականին լուրջ արդյունքներ են, եւ խոսքը մոտ քսան միլիարդի մասին է: Տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով արդյոք լուրջ աշխատանքներ են տարվե՞լ, եւ արդյոք այդպիսի արդյունք է գրանցվե՞լ, նա պատասխանեց, որ չի կարծում. 20 միլիարդը լուրջ հիմնավորված ցուցանիշ է եւ հիմնավորումներ են պահանջվում. «Ի սկզբանե պարզ էր, որ վարչապետի նշանակումը պայմանավորված էր Հայաստանում սպասելիք բյուջետային ճգնաժամի հետ, որովհետեւ սպասվում էր, որ տնտեսական զարգացումը խնդիրներ է ունենալու, հատկապես՝ բյուջեն: Վարչապետը պարզապես պետք է կարողանար որոշակի տնտեսական սուբյեկտների հետ համաձայնության գար եւ այդ ճգնաժամը միասին հաղթահարեին: Բայց կարծես թե այդ սցենարը չաշխատեց: Իսկ ստվերի դեմ լուրջ պայքար ես, իհարկե՛, չեմ նկատել, չեմ տեսնում, ամեն դեպքում՝ դա չի կարելի որեւէ կերպ ներկայացնել»:

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի հայտարարությանը , թե միայն հսկիչ դրամարկղային խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններին տուգանել եւ գանձել է 250 միլիոն դոլար, Աշոտ Եղիազարյանն ասաց. «Այդ ամենը սովորական վարչարարություն է: Ստվերի դեմ պայքար նշանակում է՝ ընդհանրապես բոլորը հավասար օրինական դաշտում պետք է աշխատեն, դատական, գործադիր, օրենսդիր ամբողջ համակարգը պետք  է աշխատի: Չեմ կարծում, որ Հայաստանը վերջին մեկ տարում այդ առումով առաջընթաց է ապրել: Այդտեղ ներկայացնելու որեւէ հիմք չկա: Մնացած ամեն ինչը վարչարարության արդյունք է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031