Մայիսի 27-ին բողոքի ակցիա տեղի է ունենալու ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության մարզերում. այդ օրը հանրապետության 14 քաղաքներում եւ մարզկենտրոններում նախատեսվում են բողոքի ակցիաներ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:
Aravot.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի երիտթեւի ներկայացուցիչ Էդգար Ոսկանյանն ասաց, որ նախաձեռնությունը ՀԱԿ-ինն է: Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ իրենք միանան «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, որը եւս պայքարում է էլեկտրաէներգիայի սակագնի դեմ, նա պատասխանեց, որ հարցը տեղին չի համարում, բայց իրենք եւս դեմ են թալանին եւ ողջունում են նախաձեռնության գործունեությունը:
Մեր նկատառմանը, որ 2014 թվականին, երբ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում էր, Հայաստանի մարզերը ակտիվ չէին, նա ասաց. «Անցած տարվա թանկացումը պատճառաբանվեց գազի սակագնի թանկացմամբ, իսկ այժմ չկա անգամ նման փաստարկ, որը կարող է ազդել սակագնի թանկացման վրա՝ բացի նրանից, որ որպես փաստարկ նշվում են ՀԷՑ-ի կուտակած պարտքերը, ինչը փաստարկ չի համարվում ժողովրդի պարտաճանաչ վճարումների դեպքում»:
Էդգար Ոսկանյանը հավելեց, որ իրենք բողոքի ակցիան համարում են հարցի բարձրացման ամենաարդյունավետ ճանապարհը եւ քաղաքացիների ակտիվ մասնակցություն են ակնկալում, քանի որ տվյալ հարցը վերաբերվում է սոցիալական բոլոր խավերին. «Կարծում եմ նման ակցիաների արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա: Նման ակցիաներով արտահայտվում է ժողովրդի կարծիքն ու դժգոհությունը, որին, իմ կարծիքով, չպետք է անտարբեր վերաբերվեն իշխանությունները»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Էդգար Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: