Այսօր՝ մայիսի 25-ին, «Կոնգրես» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպվել Արգենտինայի Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տոնում էր Մայիսյան հեղափոխության 205-րդ ամյակը: ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան խոսեց այն մասին, որ մայիսի 25-ը հիշեցնում է 1810 թ.-ի Մայիսյան հեղափոխությունը եւ Առաջին հայրենական կառավարության կերտումը` սկիզբ տալով ազգային ազատագրման գործընթացին, որն էլ ավարտվեց 1816 թ. հուլիսի 9-ին Անկախության հռչակագրով:
Արգենտինայի ազգային տոնին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական Կորպուսի անդամներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, Հայաստանում արգենտինյան համայնքի անդամներ: «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի սաները ոչ միայն կատարեցին Հայաստանի եւ Արգենտինայի օրհներգերը, այլեւ արգենտինյան տանգո ներկայացրին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ