Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց տիրույթում արդեն առկա է հայերեն կրոնագիտական բառարան

Մայիս 25,2015 21:40

Եվրասիա համագործակցությունն հիմնադրամը, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մայիսի 25-ին ներկայացրեցին Tolernance.am նոր կայքը:

Կայքը ստեղծվել է «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն կրոնական հանդուրժողականության մասին առցանց ուղեցույց է հիմնականում լրագրողների եւ խնդրով հետաքրքրվող անձանց համար: Նրա Tolernance անվանումը ստեղծվել է անգլերեն tolerance (հանդուրժողականություն) եւ learning (ուսուցում) բառերի բառախաղի արդյունքում:

Կայքում կարելի է գտնել կրոնագիտական բառարան, կրոնական խնդիրներին վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, կրոնի պատմության վերաբերյալ գրականություն: Կայքում առկա է տեսադարան, որտեղ հասանելի են կրոնական համայնքների մասին պատմող տեսանյութեր, հաղորդումներ եւ ֆիլմեր: Նրա միջոցով կարելի է նաեւ առցանց ստուգել կրոնի մասին գիտելիքները:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի ընթացքում եզրակացության են եկել, որ կրոնի եւ կրոնական կազմակերպությունների մասին քիչ տեղեկատվություն է առկա, իսկ արդեն առկա տեղեկատվությունը շատ հաճախ խեղաթյուրված է, ոչ ճշգրիտ եւ գունավորված. «Սա յուրահատուկ է, որովհետեւ եթե համացանցում նայեք, չկա նման բան. Կան տարբեր բառարաններ, որոնք կա՛մ առցանց չեն, կա՛մ հայերեն չեն, որպես կանոն»:

IMG_9878

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորեց այն հանգամանքը, որ ոլորտում մասնագիտանալ ցանկացող լրագրողները հնարավորություն ունենան օգտվել մասնագիտական եւ ուսուցողական գրականությունից. «Սա նաեւ մարդու իրավունքներին եւ կրոնական իրավունքներին վերաբերող ուսումնական ձեռնարկ է, բայց այն որպես ուսումնական ձեռնարկ չի սահմանափակվում, այլ նաեւ իր մեջ ունի պատմագիտական, քաղաքագիտական բովանդակության նյութեր, որոնք որ հետաքրքիր կլինեն ոչ միայն լրագրողների, այլ նաեւ այս թեմաներով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու համար: Մենք նաեւ պետք է հասկանանք, որ կրոնը իրենից նաեւ քաղաքականություն է ներկայացնում, համենայն դեպս մարդկությունը կրոնի միջոցով է քաղաքական շատ գործընթացներ իրականացրել, ցավոք սրտի, մենք հիմա նորից այդ վիճակին ենք վերադառնում, եւ սա նաեւ քաղաքականությամբ զբաղվողներին կհետաքրքրի»:

Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ դրանք լուրջ գիտելիքներ են եւ կարեւոր են նաեւ այսօրվա համար. «Մենք տեսնում ենք, որ եկեղեցին եւ պետությունը մերձենում են, թեկուզ պատմության օրինակով կարող ենք տեսնել, թե դա ինչի կարող է հանգեցնել եւ հասկանալ, որ իրավունքը պետության հիմքն է՝ Սահմանադրությամբ ամրագրված, որի խախտումները բերում են ոչ միայն կրոնական իրավունքների խախտմանը, այլ նաեւ՝ ողջ Սահմանադրության: Եվ արդյունքում՝ մենք ունենում ենք հանցագործ պետաքաղաքական հարաբերություններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031