Այսօր Գյումրիում հիմնադրված «Դ-Լինկ ինթերնեյշնլ» հետազոտական կենտրոնի պաշտոնական բացումն էր, որին մասնակցում էր նաեւ երկիր նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ընկերությունը, հիմնադրվելով 1986 թվականին, հայտնի է որպես ցանցային եւ հաղորդակցության սարքավորումների նախագծող ու արտադրող: Գյումրիում հետազոտական կենտրոն բացելու համար ընկերության կողմից ներդրվել է ավելի քան 1,3 մլն. ԱՄՆ դոլար:
«Դ-Լինկ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Գիտեք, եթե մենք մեր երկիրը սիրեինք էնքան, ինչքան հիմա մեր երկիրը սիրում է «Դ-Լինկի» ղեկավարությունը, մենք երեւի շատ առաջընթաց կունենայինք: Չգիտեմ ինչով բացատրեմ որոշ բաներ, բայց էս մարդիկ պատրաստ են էս երկրի համար ներդրումներ կատարել, ուզում եմ ճիշտ հասկանանք, որ էդ ներդրումները երբեք միակողմանի չեն , եթե միակողմանի լինեն, դա բարեգործություն կլինի: Իրենք շատ լավ հասկանում են, թե ինչի համար են դա անում ու մեծ պատրաստակամությամբ են անում: Էստեղ մշակելու ենք ծրագրային ապահովում, որն օգտագործվելու է «Դ-Լինկի» արտադրանքի մեջ: Մեր գործարաններն են գնալու Չինաստան ու Թայվան, որտեղ տեղադրվելու է սարքերի մեջ ու վաճառվելու է»:
Կարդացեք նաև
Նա միաժամանակ նշեց, որ մասնագետների խնդիրը լուծելը բարդ է, այժմ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ դասընթացներ են անցկացնում: «Ստիպված ենք դասընթացներ անցկացնելու, շատ կուզենայինք շրջանավարտ վերցնել, որ միանգամից աշխատեր, բայց, ցավոք սրտի, հնարավոր չէ, մեր կրթական մակարդակը շատ հետ է մնացել, ակտիվ պահանջներից հետ է»: Արմեն Շահնազարյանը նշեց, որ միջին աշխատավարձը իրենց մոտ 400 հազար դրամ է, իսկ կադրերը պետք է լինեն միայն Գյումրից: «Մենք արդեն տեսանելի արդյունքում ենք, տեսանելին կլինի ինձ համար այ էս շենքում, այստեղ 35 գյումրեցի, երիտասարդ ծրագրավորող»:
Ըստ Արմեն Շահնազարյանի, մասնագետների, հատկապես ծրագրավորողների արտահոսքը 21-րդ դարում դադարեցնել հնարավոր չէ, հատկապես որ ծրագրավորողները մոբիլ ժողովուրդ են, իրենք սիրում են նորություններ, միակ խնդիրը իրենց հետեւից եկող սերնդին կրթելն է: «Դ-Լինկը Հայաստանից չի գնա», -ասաց Արմեն Շահնազարյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ ասաց. «Դ-Լինկն» այստեղ է գտնվում, որովհետեւ մշակում է ծրագրային լուծումներ, իր արտադրանքի համար, նմանատիպ կենտրոններ իրենք աշխարհում ունեն երեքը, եւ ամբողջ արտադրանքը, դա ցանցային տեխնոլոգիաներ են, դրա ամբողջ ծրագրային լուծումների լուրջ մաս մշակվում է Հայաստանում: Սա նշանակում է լուրջ նշաձող է մեզ համար մասնագետների պատրաստման համար: Նաեւ ազդակ է այլ համաշխարհային կազմակերպությունների համար, որ Հայաստանը, Հայաստանի քաղաքները՝ Երեւանը, Գյումրին, Վանաձորը, Կապանը այն կենտրոններ են, որտեղ կան մասնագետներ, որոնք կարողանում են մշակել համաշխարհային լուծումներ, եւ սա ձնագնդու նման կբերի նոր ներդրողներ եւ կստեղծի միջավայր մեր երկրում»:
Ըստ զրուցակցի, «Դ-Լինկ»-ի նման տասնյակ կազմակերպություններ պետք է Գյումրի գան, որ այս քաղաքը վերածվի տեխնոքաղաքի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ