Մայիսի 23-ին Լեհաստանի Շեցինեկ քաղաքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումներին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Շեցինեկի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ լեհեր:
Շեցինեկի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ պատարագ, որից հետո մասնակիցները Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներով և շապիկներով երթով անցան քաղաքի գլխավոր փողոցով:
Շեցինեկի կենտրոնում գտնվող համայնքային մշակութային կենտրոնի բակում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում և հայկական երաժշտության համերգ՝ նվիրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման պաշտոնական մասում ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը և Շեցինկի քաղաքապետ Յերժի Հարդի-Դուգլասը: Իր ելույթում դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին, նշեց, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը Ցեղասպանությունից ընդամենը մի քանի տարի անց, ողջ առաջադեմ մարդկության հետ միասին, դուրս եկավ պայքարի Երկրորդ համաշխարհային պատերազմում, որի հաղթական արդյունքն այսօրվա ազատ Եվրոպան է, որտեղ մենք ապրում ենք և որտեղ կերտում մեր բոլորի ընդհանուր ապագան:
Կարդացեք նաև
Միջոցառումից հետո համայնքային մշակութային կենտրոնում Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերով տեղի ունեցավ լուսանկարների ցուցադրություն: Այն շարունակվելու է մինչև մայիսի 29-ը: Միջոցառման ավարտին կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ լեհերեն թարգմանությամբ:
ՀՀ ԱԳՆ