Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականներից առայժմ անհայտ են միայն սամբիստների անունները:
Ովքե՞ր են այս մարզաձեւը ներկայացնելու հարեւան երկրում: Aravot.am-ը այսօր զրուցեց մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի հետ: «Մենք մոտավորապես գիտենք Եվրոպական խաղեր մեկնող մեր երեք մարզիկների անունները, բայց չենք շտապում նրանց անունները հրապարակել:
Բանն այն է, որ քվոտայով մեզ հատկացված երեք քաշային կարգերից յուրաքանչյուրում ունենք առնվազն երկու հավասարազոր սամբիստ: Եվ քանի որ հարեւան երկիր մեկնելու ենք պայքարելու նպատակով, ուզում ենք վերջնականապես կողմնորոշվել, թե ում պետք է գործուղել: Հիմա մեկնում ենք «Գրան Պրի» մրցաշար, որն այն բացառիկ հնարավորություններից մեկն է, որտեղ միեւնույն քաշային կարգում մեկից ավելի մասնակից կարելի է հայտավորել: Դա շատ կարեւոր է մեզ համար: «Գրան Պրիում» հանդես կգան տղամարդկանց 57 կգ քաշայիններ Գրիգոր Մխիթարյանը եւ Տիգրան Կիրակոսյանը, 90 կգ քաշայիններ Էդուարդ Պետրոսյանն ու Աշոտ Դանիելյանը, ինչպես նաեւ կանանց 52 կգ քաշային կարգում՝ Ռոզա Խաչատրյանն ու Սոսե Բալասանյանը: Այս վեց մարզիկներից էլ կկատարվի Բաքու մեկնող երեքի ընտրությունը>, – ասաց Լեւոն Հայրապետյանը: Նա հավելեց նաեւ, որ Ֆրանսիայից վերադառնալով՝ Եվրոպական խաղերի մասնակից սամբիստները վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Ստեփանակերտում, որտեղից էլ կմեկնեն Բաքու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ