Մայիսի 17-ին համայնքների խոշորացման հանրաքվեին ամենաբարձր ցուցանիշն ապահովել էր Սյունիքի մարզը` 94%: Ըստ տեղեկությունների, հանրաքվեի այսպիսի արդյունքը պայմանավորված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնով,
այսինքն` սյունեցիները մարզպետի «ահից» հանրաքվեին կողմ են քվեարկել:
Օրինակ` Խոտ համայնքում 365 մարդ է կողմ քվեարկել, 12-ը` դեմ, Հալիձոր գյուղում 173 մարդ է հանրաքվեին «այո» ասել, 38 հալիձորցի է դեմ եղել: Հարժիս համայնքում 304 մարդ է կողմ եղել, 30-նն էլ` դեմ: Շինուհայրում` 1079 կողմ եւ 19 մարդ դեմ: Քաշունիում, որն, ընդամենը 27 բնակիչ ունի, 16-ը կողմ են քվեարկել եւ ոչ մի դեմ չի եղել:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս համայնքների շատ գյուղապետեր անցած տարի դեմ էին խոշորացմանը, իսկ այս տարի արդեն դրական էին արտահայտվում այդ ծրագրին: Այս տարածաշրջանի խոշորացվող համայնքը կոչվելու է Տաթեւ, կենտրոնը` Շինուհայրը, որի բնակչությունը կկազմի մոտավորապես 5000 հոգի:
Ներկայումս շուրջ 3000 բնակիչ ունեցող Շինուհայրում վերջին տարիներին արտագաղթի լուրջ խնդիր կա: Այս մասին Սյունիքի մարզ լրագրողների կատարած այցի ժամանակ ասաց Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը:
Մեր այցը Սյունիքի մարզ կազմակերպել էր «People in need» կազմակերպությունը:
Ըստ Շինուհայրի գյուղապետի, 140 ընտանիք գյուղից անվերադարձ մեկնել են, իսկ 100-120 հոգին էլ մեկնում են սեզոնային աշխատանքի:
Սմբատ Երեմյանի կարծիքով, խոշորացումը մի բան էլ ուշացել է, որ այն ավելի շուտ կատարվեր, գյուղապետի համոզմամբ, ավելի շատ խնդիրներ լուծված կլիներ: «Արդեն 20 տարի է համայնքում առաջընթաց չենք տեսնում, անընդհատ հետընթաց, արտագաղթ, աշխատատեղերի բացակայություն բոլոր համայնքներում, տեսնում եմ, իրատես եմ, որ խոշորացումից հետո կլինեն ե՛ւ ներդրումներ, ե՛ւ խնայվող գումարներ, որոնք կդրվեն համայնքների զարգացմանը»:
Գյուղապետը նշում է, որ բնակիչների ամենամեծ մտավախությունը փաստաթղթերի տրամադրման հետ է կապված, որը լուծվելու է հետեւյալ կերպ. «Ամեն համայնքում տեղադրվելու են տերմինալներ եւ էլեկտրոնային փոստի միջոցով այդ տեղեկանքները կտրամադրվեն»,-ասաց գյուղապետը:
Չնայած այս գյուղը գազաֆիկացված է, բայց ոռոգման ջրի լուրջ խնդիր ունի. «Ծրագիր ենք մշակել, որ այս տարի պետք է սկսենք ինքնաշեն եղանակով ոռոգման ջուր հասցվի համայնք: Այսօր գյուղացուն ավելի շատ ջուր է անհրաժեշտ, քան թե գազ, որովհետեւ գյուղացու հիմնական աշխատանքը հողագործությունն է, դաշտավարությունը, անջրդի պայմաններում բնականաբար ցածր է բերքատվությունը եւ գյուղացին իր կատարած աշխատանքից հիասթափվում է: Այսինքն, եթե կարողանանք գոնե տնամերձ հողամասերը ամբողջությամբ ապահովել ոռոգման ջրով, ապա բավականին կմեծանա ե՛ւ բերքատվությունը, ե՛ւ մարդկանց եկամտի աղբյուրները»:
Տարածաշրջանում աշխատատեղեր ստեղծելու համար, գյուղապետի կարծիքով, պետք է նոր գործարաններ բացվեն հենց Շինուհայրում: Ըստ նրա, այդ համայնքում կան նախնական պայմաններ՝ նախկին ռետինե կոշկեղենի գործարան, որը 15 տարի է արդեն չի գործում. «Կարելի է օգտագործել այդ շենքային պայմանները տեխնոլոգիապես փոխելով, այլ նպատակով ծառայեցնելու համար»:
Գյուղապետն ասաց, որ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետ աշխատելով համայնքում բացել են բրդի լվացման արտադրամաս, որտեղ աշխատում են 45 կին. «Նպատակ ունենք ընդլայնել, որի հիման վրա կզարգացնենք կարպետագործությունը, գորգագործությունը, որը էլի աշխատատեղերի խնդիր կարող է լուծել»,-ասաց Սմբատ Երեմյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ