Մայիսի 25-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի որոշ անդամների: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Արագած Ախոյանը, Ռոլանդ Շառոյանը, Հարություն Յավրյանը, Էդիկ Մինասյանը և Մերուժան Տեր Գուլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման արարողության հետ կապված ընթացիկ հարցեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Քանի որ խաղերը անցկացվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում , ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգում է կազմկոմիտեի անդամ Խոսրով Հարությունյանը: Նա մանրամասն ներկայացրեց ջահի վառման և տեղափոխման աշխատանքների ընթացքի մասին:
Մինչև խաղերի մեկնարկը համահայկական խաղերի ջահը կանցնի Հայաստանի մարզերով ու Սփյուռքի գաղթօջախներով: Խաղերի օրը՝ օգոստոսի 2-ին, այն կմտնի Հրազդան մարզադաշտ և կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը:
Քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր:
Մամլո հաղորդագրություն