Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովներում քննարկվեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ցուցանիշները ներկայացնելիս ասաց, որ ոստիկանությունում ինքնամաքրման գործընթաց են իրականացրել. «Անցյալ տարի կատարվել է 1600 ծառայողական քննություն, տույժի է ենթարկվել ոստիկանության 846 ծառայող՝ թույլ տված խախտումների փաստերով, արձանագրվել է 63 դեպք՝ 81 անձանց վերաբերյալ: 55 անձի նկատմամբ հարուցվել է քրգործ, 4 գործով դատապարտվել են 6 անձինք»:
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դժգոհեց, որ ոստիկանները գիշերները չեն հերթապահում, դրա համար իրենց թաղամասում բնակարանային գողությունների դեպքերը նորից ավելացել են. «Երբ գիշերը սկսեցին հերթապահել՝ դադարեց դա, հիմա նորից սկսել են: Դա թա՞նկ հաճույք է: Եվ որքա՞ն կարժենա ՀՀ-ի ճանապարհները ավելի լավ ճանապարհային նշաններով ապահովելը: Կարող է անծանոթ տեղանքում չկողմնորոշվես, թե որ կողմով գնաս, որ այսինչ թաղամասը կամ մայրուղի դուրս գաս»:
Կարդացեք նաև
Փոխոստիկանապետը պատասխանեց. «Թանկի եւ էժանի խնդիր չկա, խոսքը տրանսպորտային միջոցների եւ վառելիքի ապահովման մասին է: Մենք այդ հնարավորությունն ունենք: Զարմանում եմ, որ ասում եք շատացել է»:
Նա վստահեցրեց, որ վերջին շրջանում բնակարանային գողությունների թիվը կտրուկ նվազել է. «Եթե ունեք տեղեկություն թիրախային այդպիսի շրջանների մասին, կարող եք ասել, մենք միգուցե մեր պլանները վերափոխենք»:
Ինչ վերաբերում է ճանապարհային նշաններին, փոխոստիկանապետն ասաց. «Միայն Երեւան քաղաքում ենք մենք իրականացնում ճանապարհային նշանների տեղադրումը, մարզերում դա միայն ՏԻՄ-երի խնդիրն է: Երեւանում բավականին լուրջ փոփոխություններ են կատարվել, տեսնում եք լուսակիրները, նշանները անվերջ փոխվում են, մայթագծերը, գծանշաններն են թարմացնում, ինչը լուրջ ծախս է՝ բնակլիմայական պայմաններից ելնելով»:
Ստեփան Մարգարյանն ասաց, որ ինքը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ սեփական տների հատվածում եւ իր բնակավայրում վերջին շրջանում եղել է գողության մի քանի դեպք. «Երբ հերթապահում էին, դադարեց: Իսկ առաջ մի գիշերվա մեջ 3 բնակարան էին մտնում էին»:
Փոխոստիկանանպետը խոստացավ այդ հատվածին ուշադրություն դարձնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ