Այսօր Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» դիմաց գտնվող տեխնոլոգիական կենտրոնի 3-րդ հարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ նույն շենքի հարեւանությամբ «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրի էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետաքրքիրն այն է, որ լրագրողները նախագահի այցից առաջ կամ հետո նոր միայն հնարավորություն ունեին գնալ տվյալ կառույց ու լուսաբանել տվյալ իրադարձությունը: Օրինակ՝ «Թումո» կենտրոն կարողացանք այցելել միայն այն ժամանակ, երբ այնտեղից նախագահը ոտքը դուրս դրեց:
Լրագրողների մի մասն էլ նախքան Սերժ Սարգսյանի ՝ Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի գործարան այցելելը, գնացին այնտեղ՝ նոր աշխատատեղերի ստեղծման մասին նյութ պատրաստելու: Նշենք, որ նախագահին համընթաց ոչ մի լրագրողի թույլ չէին տալիս մտնել տվյալ տարածք, բացառությամբ «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերության հանդիսավոր բացման արարողության ժամանակ:
Կարդացեք նաև
Նախագահի այցի պատճառով փակվել էին կենտրոնական փողոցները, կաթվածահար էր եղել թիվ 22 երթուղու աշխատանքը: Այս համարի միկրոավտոբուսները, որոնք երթեւեկում են Գյումրու կենտրոնական զբոսայգու դիմացից, չէին կարող ելումուտ անել:
Անձամբ ականատես եղանք, թե ինչպես թիվ 22 միկրոավտոբուսի վարորդներից մեկը ստիպված եղավ զարտուղի, նեղ ու վտանգավոր ճանապարհներով անցնել, քանի որ չէին թույլատրում անցնել կենտրոնական զբոսայգու մոտով: «Հարամ է էսպես գալը, քանի ժամ է՝ չենք կարողանում նորմալ աշխատել», -նեղվեց վարորդը, իսկ ուղեւորներն էլ, լսելով, որ նախագահի պատճառով է միկրոավտոբուսը երթուղին փոխում, նեղ, անհամար փողոցի պատճառով ջարդուխուրդ լինում, արձագանքում էին՝«Գալիս ես , բարով գաս, ճամփա փակելդ ո՞րն է»:
Նկատենք, որ «Անուշարանի» դիմաց նախագահին սպասող անվտանգության աշխատակիցներ ու ոստիկաններն էլ փորձում էին կարգի հրավիրել կենտրոնական այդ փողոցով երթեւեկող ու ազդանշաններով վերջին զանգ նշող դպրոցականներին, մեքենաների դիմացը կտրելով՝ նախազգուշացնում էին. «Պրծեք, նախագահն է գալիս»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ