Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականության մասին օրենք են պահանջում

Մայիս 25,2015 17:13

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց  ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի հայցն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հովհաննես Գալաջյանը հայցվոր կողմից յուրաքանչյուրին դատարանի որոշմամբ պետք է վճարի 250.000-ական դրամ և հրապարակային ներողություն խնդրի: Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փաստաբանները դրական համարեցին դատարանի որոշումը:

Արման Սահակյանի փաստաբան Մարո Խաչատուրյանը նշեց. «Մենք պահանջել էինք, որ դատարանը պարտավորեցնի լրատվամիջոցին, որ հրապարակի որոշման այն հատվածը, որ ատելության և խտրականության հրահրում է եղել, սակայն այն պահանջը չբավարարվեց»: Փաստաբանը մտահոգություն  հայտնեց, որ որոշումը խտրականության հիմքով չէ:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց, թե «Իրավունք» թերթի հրապարակումն ինչ բացասական հետևանքներ է ունեցել իրենց գործունեության վրա. «Իրավունք» թերթը նաև թյուր ինֆորմացիա էր ներկայացրել մեր ՀԿ-ի վերաբերյալ: Այդ հրապարակումից հետո կարծիքներ տարածվեցին, թե կազմակերպությունն աշխատում է գոմիկների համար, մենք բացատրեցինք, որ գոմիկ չէ, այլ  նույնասեռական է և մյուս կողմից յուրաքանչյուր մարդու իրավունքն է, մենք ԵԽ անդամ ենք»:

Պարոն Գաբրիելյանը նշեց, որ անմիջապես հոդվածի հրապարակումից հետո կոտրել են Արման Սահակյանի մեքենայի դիմացի ապակիները, ու երբ դիմել են ոստիկանություն, որ իրենց անվտանգությունը պաշտպանեն, ոստիկանությունից պատասխանել են, որ այդ ծառայությունը վճարովի է:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի աշխատակից Արման Սահակյանը նշեց, որ ինքը սկզբից էր նկատել այդ խտրական մոտեցումը և հայտնվել էր սև ցուցակում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը դրական համարեց դատարանի որոշումը և նշեց. «Կան իրավական ակտեր, որոնք մեկ կամ երկու դրույթով, դեկլարատիվ կերպով, անդրադառնում են խտրականության խնդրին, բայց չունենք խտրականության դասական սահմանումը: Ցավոք, օրենսդրությունն այս առումով բավականին թերություններ ունի, իրավարար պրակտիկայի հետ կապված ևս խնդիրներ կան»: Փաստաբանը շեշտեց, որ այս հարցերով առանձին օրենք է պետք: Չկա այն մեկ նյութաիրավական հիմքը, որին հղում կատարելով՝ կարելի է ասել, որ անձը դարձել է խտրականության զոհ:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը նկատեց, թե խտրականության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը. «Օրենքը պետք է սահմանի խտրականության տեսակները, որ հնարավոր լինի հիմքեր ցույց տալ, ասել, որ այստեղ խտրականություն է»:

Նշենք, որ քննարկմանը հրավիրվել էին նաև Հովհաննես Գալաջյանն ու նրա փաստաբանը, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցությունից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան*իրավաբան/ says:

    Հոդված ա գրել:
    Ձեզ դուր չէր գա , ենթադրում եմ, եթե այսպես բնութագրեին Ձեր աշխատանքը:

    Լավա ?
    Հարգելի լրագրող Ձեր հոդվածներն ու ձևակերպումնրը կարո՞ղ եք ավելի գրագետ անել:
    Հարգանքով Տ.Ա.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031