Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դռնփակ նիստում պետք է ներկայացներ պաշտպանության ոլորտում 2014-ի բյուջեի հաշվետվությունը:
Aravot.am-ը լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանին հարցրեց՝ վերջերս խորհրդարանական լսումների ժամանակ բարձր տեխնոլոգիաների մասնագետներն ասացին, որ Ձեզ սխալ են զեկուցում, եւ այդ է պատճառը, որ նորարարական տեխնոլոգիաները չեն ներմուծվում եւ չեն օգտագործվում բանակում, համաձա՞յն եք դրա հետ, իսկապե՞ս սխալ պատկերացում են Ձեզ մոտ ձեւավորել:
Նախարարը պատասխանեց. «Վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանք ենք տանում սեփական ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ: Արդեն ընդունել ենք Համալիրի մասին օրենքը եւ համապատասխան աշխատանք ենք տանում ՏՏ ոլորտի հայրենի արտադրողների հետ: Բոլոր գործուն առաջարկների շուրջ համապատասխան որոշում ընդունվել է: Այդպիսի տեղեկատվություններ ես չունեմ, որ սխալ են զեկուցում, համենայնդեպս, այն մարդիկ, որոնք դա շահարկում են, երբեւիցե գործուն առաջարկություններ չեն արել: Այն առաջարկությունները, որոնք գործնական են եղել, իսկ այդպիսի առաջարկությունները բազմաթիվ են, համապատասխան որոշումներ ընդունվել են: Այլ բան է, որ գիտեք, շատ կազմակերպություններ ցանկանում են, որ որոշումն անմիջապես ընդունվի, անմիջապես սկսվեն աշխատանքները, իսկ մեր ֆինանսների կառավարման, ծրագրերի իրականացման շրջանակներում բազմաթիվ ընթացակարգեր կան, որը մենք պետք է օրենքի շրջանակներում հետեւենք: Եթե չհետեւենք, դրանք համապատասխան տույժերի են արժանի: Բոլորի հետ էլ աշխատում ենք»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ երբ մենք ԵՏՄ էինք մտնում, հիմնական շեշտը դրվում էր անվտանգության ապահովման վրա, այս ընթացքում Դուք որեւէ ազդեցություն, տարբերություն զգացե՞լ եք՝ նախարարը պատասխանեց. «Այսօր ես ուզում եմ տեղեկացնել, որ մեր գլխավոր խնդիրներից մեկը՝ գերակա խնդիրը, ՀՀ անվտանգության ապահովումն է, որն անհնարին է իրականացնել՝ գտնվելով այս տարածաշրջանում՝ առանց համագործակցության տարածաշրջանային երկրների եւ գերտերությունների հետ, որոնց հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք իրականացնում: Այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ-ի շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման շրջանակներում, պահպանվում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ