Բանասիրական գիտությունների դոցենտ, ԵՊՀ դասախոս Նարինե Ներսիսյանը կարծում է, որ մեր կրթությունը վտանգված է: Պատճառներից մեկը, ըստ նրա, ռեֆերատների, կուրսային աշխատանքների, մագիստրոսական թեզերի վաճառքն է:
«Խնդրի տարածվածության ու հրատապության մասին բոլորս գիտենք. չէ՞ որ ամեն քայլափոխի տեսնում ենք, որ այդպիսի աշխատանքներ են վաճառվում: Այսօր կարծես տգիտության, մտաբոբիկության ուրվականն է շրջում մեզանում: Իսկ դա վտանգավոր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Ն. Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում որոշակի աշխատանքներ տարվում են, որ ուսանողները որպես իրենցը չներկայացնեն գնված աշխատանքները: Մասնավորապես, ավարտական աշխատանքներ գրող ուսանողներին պարբերաբար հրավիրում են ներկայացնելու տվյալ ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքը. «Եթե մենք զգում ենք, որ ինչ-որ բան այն չէ, աշխատանքն ուրիշի կողմից է գրվում, և նա չի կարող աշխատանքը ներկայացնել, մենք այդպիսի ուսանողների հետ շատ խիստ ենք վարվում, անգամ թույլ չենք տալիս պաշտպանության»,- հավատացնում է ԵՊՀ դասախոսը:
Նա գտնում է, որ նման հսկողություն պետք է լինի բոլոր ֆակուլտետներում:
Բացի այդ, հարկ է նաև պատկան մարմինների ուշադրությունը սևեռել այս հարցի վրա. «Կարծում եմ, որ պետք է օրենք ընդունվի և օրենսդրորեն կասեցվի գիտական աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գործունեությունը: Իսկ անտարբեր մոտեցումն այս ամենին կվտանգի մեր ապագան, որովհետև մենք պատրաստում ենք վաղվա ուսուցիչներին, տնտեսագետներին, քաղաքական գործիչներին…»,- ընդգծեց Ն. Ներսիսյանը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Սամվել Մելքոնյանն ասում է, որ այս թեմայով լրագրողական նյութ է տպագրել տպագիր մամուլում: Իսկ մինչ այդ, լրագրողական փոքրիկ հետաքննություն է անցկացրել. «Համալսարան տանող ճանապարհին երիտասարդներ են շրջում, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ու իրենց հեռախոսահամարները բաժանում…
Հեռախոսազանգին պատասխանեց երիտասարդ աղջիկ՝ ասելով, որ երկար ժամանակ է՝ դա իրենց ընտանեկան բիզնեսն է: Այսինքն՝ գիտության վաճառքը ոմանց համար դարձել է նաև բիզնես: Ասաց, որ ինքն է գրում աշխատանքները, և որ դասախոսների հետ էլ են համագործակցում: Այսինքն՝ գիտությունը «շարքից հանելուն» միտված քայլերին շատ հաճախ նպաստում են նաև գիտության բնագավառի մարդիկ՝ դասախոսները: Աղջիկն ասաց, որ գրում են նաև թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, որոնց մեկ էջի արժեքը 5 000 դրամ է: Նաև նշեց, որ իրենք երաշխավորում են աշխատանքի հաջողությունը»,- պատմեց ուսանողը:
«Ցավալին ու վտանգավորն այն է, որ մենք մեզ փորձում ենք վարժեցնել չմտածելուն,- հավելեց Ն. Ներսիսյանը,- այսինքն՝ եթե կա հեշտ տարբերակ, վազում ենք հեշտի հետևից. ինչո՞ւ մտածել, եթե կարելի է վճարել և հեշտ ու հանգիստ ստանալ այդ աշխատանքը»:
Ըստ դասախոսի՝ մենք մեր գիտակցության մեջ էլ պիտի ինչ-որ բաներ փոխենք: «Ուսանողները պետք է գիտակցեն, որ իրենք վճարում են ոչ թե չսովորելու, այլ սովորելու համար: Մինչդեռ, նրանք ուրախանում են, որ վճարել են ու դասից փախել-գնացել սուրճ խմելու: Երևի, միայն մեզանում կարելի է նման երևույթի բախվել»,- կարծում է Ն. Ներսիսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ