Արմավիրի 2 մանկապարտեզներում երեխաների թունավորման պատճառն այս շաբաթ պարզ կլինի: Այսօր այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը: Այն վարկածը, թե հնարավոր է երեխաները կաթից են թունավորվել, քանի որ այդ օրը կաթով շիլա են կերել, պարոն Դանիելյանն ասաց, որ կաթի վարկածը գրեթե բացառվում է, քանի որ այդ նույն մատակարարը այլ մանկապարտեզների, նույնպես, այդ նույն կաթից է առաքել:
Ծառայության մասնագետներն այսօր ամփոփեցին անցած եւ այս տարվա աշխատանքները: Անդրադառնալով Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Իրանում բռնկված թռչնագրիպի դեպքերին, ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ Ադրբեջանը Հայաստանից 2 օր շուտ է սահմանը փակել Թուրքիայից եկող թռչնամսի եւ թռչնարտադրանքի համար, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հետ այլ հարաբերություն ունի: Հայաստանը մայիսի 7-ին է սահմանի վրա արգելք դրել, իսկ Ադրբեջանը` մայիսի 5-ին:
Կարդացեք նաև
Նշենք, որ թռչնագրիպը Թուրքիայում հաստատվել է ապրիլի 23-ին: Եվ քանի որ Հայաստանը սահմանի վրա արգելքը դրել է մայիսի 7-ին, բրոյլեր ճտերի մի խմբաքանակ ներկրվել է Հայաստան: Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ այդ թռչունները առողջ են եւ որեւէ վտանգ չեն ներկայացնում:
Ծառայության մասնագետները հայտնեցին, որ անցյալ տարի հատուկ վտանգավոր հիվանդությունների նկատմամբ եղել է կայուն վիճակ եւ որ խոզերի աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը եղել է 2011-ին: Այս պահին էլ արգելված է նշյալ երեք երկրներից թռչուն եւ թռչնաբուծական արտադրանքի մուտքը Հայաստան:
Բրուցելոզ հիվանդությամբ կենդանիների մասին էլ, պարոն Մկրտչյանն ասաց, որ սանիտարական սպանդի են ենթարկել: Գեղաշենում շուրջօրյա կարանտին է հայտարարված, իսկ 604 գլուխ կենդանի սպանդի է ենթարկվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ