Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովներում քննարկվեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԱԾ-ի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների համակարգերում բյուջեի կատարողականը:
Հաշվետվության ներկայացումից դժգոհ էր ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նիստը կազմակերպած հանձնաժողովների նախագահներին՝ Կորյուն Նահապետյանին եւ Գագիկ Մինասյանին հարց ուղղեց. «Անդրանիկ նիստին ներկա էր Հովիկ Աբրահամյանը եւ մասնակցում էին կառավարության մի քանի անդամ նախարարներ: Իսկ ոլորտային քննարկումների ժամանակ մենք չենք տեսնում որեւէ նախարար, չենք տեսնում առընթեր կառույցի որեւէ ղեկավար»:
Նա ասաց, որ խորհրդարանում բազմիցս քննարկվել է այդ հարցը եւ հենց Գագիկ Մինասյանը կողմ է արտահայտվել նրան, որ հաշվետվություն պետք է տան ոլորտի ղեկավարները: Այսինքն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պետք է նիստին անպայման ներկա լինեն Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, բոլոր ոլորտների ղեկավարները, որոնց հաշվետվությունը ներկայացվում է տվյալ նիստում:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Դուք ճշտե՞լ եք, ինչու մենք հիմա չենք տեսնում որեւէ նախարարի կամ առընթեր որեւէ մարմնի առաջին դեմքին՝ պատասխանատուին»:
Գագիկ Մինասյանը հարցին չպատասխանեց՝ հորդորելով նույն հարցն ուղղել այն մարմինների ներկայացուցիչներին, որոնք կներկայացնեն հաշվետվությունը: Օգտվելով այդ խորհրդից՝ Նաիրա Զոհրաբյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է նախարարը՝ Արմեն Երիցյանը:
Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Նախարարն այսօր ՀՀ նախագահի հետ մասնակցում է Արագածոտն եւ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ