Վերջին շրջանում ԲՀԿ-ն վարչապետի եւ կառավարության գործունեության նկատմամբ առավել մեղմ դիրքորոշմամբ էր հանդես գալիս: Մինչդեռ այսօր, խորհրդարանում, 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ականները շատ ակտիվ էին: Ավելին, ընդդիմադիր խմբակցություններից միայն ԲՀԿ-ի ներկայացուցիչներն էին մասնակցում քննարկումներին: ՀՅԴ-ից միայն Արծվիկ Մինասյանն էր ժամանակ առ ժամանակ մասնակցում: ՀԱԿ-ից եւ «Ժառանգությունից» անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումներին առաջին օրվան այդպես էլ պատգամավորները չմասնակցեցին:
Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղարից հետաքրքրվեց`ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ի այս ակտիվությունը: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ԲՀԿ-ն իր գործունեության ընթացքում ինքնանպատակ չի գործել եւ խնդրահարույց հարցերն է բարձրաձայնել`անկախ դրանց քաղաքական հնչեղությունից: «Այսօր էլ այդ օրերից էր: Հարցեր կան, որոնց մասին մենք տարիներ շարունակ մտահոգություններ ենք հնչեցրել, այսօր էլ շարունակում ենք: Այս շաբաթվա ընթացքում մի շարք հաշվետվություններ կլինեն, որտեղ ԲՀԿ պատգամավորներն, արդեն իսկ քննարկված հարցերի շրջանակում, բանախոսներին իրենց հարցերը կտան»,- ասաց մեր զրուցակիցը:
Թե ինչո՞ւ խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունները չեն կարեւորում անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները, ԲՀԿ խմբակցության քարտուղարը ձեռնպահ մնաց վերլուծել ընդդիմադիրների վարքագիծը: Հորդորեց այդ առիթով հարցերն իրենց ուղղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ