ՀՀ ոստիկանության ՊՊԾ առաջին գումարտակի հրամանատար Ռոբերտ Մանուկյանն այսօր որպես վկա ցուցմունք տվեց անցյալ տարվա հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ կատարվածի վերաբերյալ:
Նա ասաց, որ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով իրենք հասարակական կարգն են ապահովել, սակայն նկատել են մի երիտասարդի, որը կանգնել էր «ջիպի նման սպիտակ ավտոմեքենայի վրա», երբ փորձել են ոստիկանները մոտենալ, նա նկատել է, որ գոտկատեղից հանեց «զենքի նման իր» եւ կրակեց ոստիկանների ուղղությամբ:
Ըստ այդ վկայի, նա գրպանից հանել էր մեկ այլ իր եւ ասել՝ «չմոտենաք, կպայթեցնեմ»: Վայրկյաններ հետո նրան զինաթափել էին եւ ձերբակալել: Այս վկան ասաց, որ կրակված փամփուշտներ է տեսել եւ նրա գործողությունները ուղղված էին իշխանության ներկայացուցիչների դեմ:
Դատախազի հարցին, թե զենքը մանկակա՞ն էր, նա պատասխանեց՝ ոչ: Վկային այլեւս հարցեր չտվեցին, իսկ դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտնեց, որ Հայկ Կյուրեղյանը, որի նկատմամբ 10 ժամով նիստերի դահլիճից հեռացվելու սանկցիա էր կիրառվել, հեռացվել էր նիստերի դահլիճից, պետք է գտնվի դահլիճում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակը դատարանի գրությամբ այս գործով ներգրավել է մեկ փաստաբանի՝ Անժելա Հոբոսյանին:
Ներկաները ծափերով դիմավորեցին Հայկ Կյուրեղյանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ