Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստում Երեւանի եւ Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն առաջարկել էր Երեւանը բեռնաթափելու նպատակով մայրաքաղաքից որոշ ԲՈՒՀ-եր տեղափոխել Գյումրի, ինչի արդյունքում Գյումրին կսկսի զարգանալ:
Aravot.am-ն այս առնչությամբ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի վերջո կա՞ նման ծրագիր եւ արդյոք դա իրատեսակա՞ն է:
Նախարարի ներկայացմամբ՝ Գուրգեն Մուշեղյանի ասածներն այնքան էլ ճիշտ չեն ընկալվել, Մուշեղյանն առաջարկել էր 1-2 ԲՈՒՀ տեղափոխել Գյումրի եւ Աբովյան քաղաք: Ըստ Նարեկ Սարգսյանի, մայրաքաղաքից Աբովյան քաղաք ԲՈՒՀ տեղափոխելու գաղափարն արդեն 25 տարի է կա, իսկ Գյումրի՝ 5 տարի:
Նախարարի խոսքերով՝ ԲՈՒՀ-երը հնարավոր չէ այսպես վերցնել տեղափոխել, բայց երբ պատրաստ կլինի Հյուսիս-Հարավ մայրուղին, ինչի արդյունքում Գյումրի հասնելու ժամանակը 40-45 րոպե կտեւի, այդ ժամանակ Գյումրիի զարգացման շրջանակներում գուցե քննարկվի այդ հարցը:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, որ մի ժամանակ էլ նախարարություններին էին ուզում տեղափոխել Գյումրի, սակայն նախարարներն այնքան էլ ցնծությամբ չընդունեցին այդ գաղափարը, պարոն Սարգսյանն ասաց, որ եթե լինի կառավարության որոշում, ապա բոլորն էլ կենթարկվեն:
Նարեկ Սարգսյանի պատասխանը՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ