Ռուսաստանն իր առաջնահերթություններից մեկն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Այս մասին, ըստ ռուսական «Ռիա» գործակալության, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք քննարկել ենք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, կարծիքներ ենք փոխանակել Ղարաբաղի խնդրի շուրջ։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն փնտրել հակամարտության կարգավորման երկու կողմի համար ընդունելի լուծում»,- մասնավորապես ասել է նա։
Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին, ըստ «ТАСС» գործակալության, ասել է, թե հարցը ժամկետանց է եւ պետք է լուծել այն. «Ես կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հնչած լավատեսությունը։ Կա թեմա, կա խնդիր, պետք է լուծել այն։ Խնդիրն արդեն ժամկետանց է»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ