Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից բողոքող երիտասարդներին այսօր կառավարության շենքի դիմաց դիմավորեց կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վարչապետին ուղղված երիտասարդների պահանջ նամակն էլ խոստացավ հանձնել հասցեատիրոջը: Նախքան կհեռանար, երիտասարդներից մեկը նրան հարցրեց՝ ինչքա՞ն եք մեզ թալանելու:
«Դեմքդ բաց արա, տեսնեմ, նորից կրկնի հարցդ, մեկնաբանի՝ ինչ է նշանակում, ինչքա՞ն եք մեզ թալանելու»,-զարմացավ կառավարության ներկայացուցիչը:
Ըստ նրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում ուսումնասիրությունը ու հիմա գործընթացի մեջ է:
Բայց երիտասարդներին չգոհացրեց այդ պատասխանը, նրանք բողոքեցին, որ նույն հանձնաժողովը նախորդ տարի առանց քննարկելու ու միաձայն կողմ քվեարկեց եւ հոսանքը տասը տոկոսով թանկացավ, մի տարի չի լրացել ու հոսանքը թանկանում է հիսուն տոկոսով. «Էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ ՀԷՑ-ում կան ապօրինություններ, գողություն: Կառավարության խնդիրն է իր անդամի հայտարարության հետքերով պարզել: Գոյություն ունի դատախազություն, իրավապահ համակարգ, որը պետք է զբաղվի խնդիրներով, ոչ թե ՀԷՑ-ի պարտքերը փաթաթեն մեր վզին: Ինչո՞ւ պետք է վճարենք ՀԷՑ-ի ճոխությունների համար»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ