Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ներկայացավ մեկ տարվա հաշվետվությամբ:
Ըստ նրա, հաշվետու ժամանակահատվածում, ՄԻԵԴ է ներկայացվել ՀՀ կառավարության 25 դիրքորոշում, որից երկուսը՝ որպես երրորդ կողմ ներգրավված գործով:
15 դիրքորոշում էլ ներկայացվել է արդարացի փոխհատուցման պահանջի մասին:
Ըստ նախարարի, ԵԴ-ից ստացվել են ՀՀ-ի դեմ ներկայացված չորս գանգատներ, որոնց կառավարության դիրքորոշման ժամկետը մինչեւ տարվա վերջն է: Ի դեպ «փակված» վարույթներից են արդեն ԵԴ-ում քննված ութ վճիռները՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» գործերը վերաբերել են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու խնդրին:
Կարդացեք նաև
Անցյալ տարի, ԱՆ համապատասխան վարույթն ապահովել է «Բաղդասարյանը, Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանն եւ այլք ընդդեմ Հայաստանի», «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» վճիռների թարգմանությունն ու դրանց հրապարակումը պաշտոնական կայքում:
Ինչ վերաբերում է դատավորներին պատժելու հարցին՝ ԵԴ-ում պարտվելու դեպքում, Հովհաննես Մանուկյանն ասաց, թե՝ «ֆինանսական ինստիտուտը անընդունելի է եւ եվրոպացի մեր գործընկերները մեզ չեն հասկանա»:
Հաշվետվության մեջ առանձին անդրադարձ կար նաեւ դատապարտյալների փոխանցմանը:
Ըստ նախարարի, պատասխան է տրվել օտարերկրյա պետություններում պատիժը կրող 195 դատապարտյալների դիմումներին, որոնք ուզում են իրենց պատժի չկրած մասը Հայաստանում կրել:
Նկատենք, որ 157-ը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնությունից:
ՀՀ արդարադատության նախարարը բավարարել է ՌԴ-ից Հայաստան փոխանցման 32 դիմում, մերժվել է 115-ը, իսկ տասը գտնվում է քննարկման փուլում:
Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացի դիմել են իրենց երկրում պատիժը կրելու խնդրանքով:
Մնացել են երեք իրանցիներ, դիմումները քննարկման փուլում են:
ԱՄՆ-ից ունենք մեկ դիմում, իսկ մեկ դատապարտյալի դիմում էլ մերժել է ԱՄՆ իրավասու մարմինը, որպեսզի իր քաղաքացին այնտեղ կրի պատժի մնացած մասը:Ի դեպ, Արցախից ունենք ինը դատապարտյալի դիմում, եւ ընթացք է տրվել նրանց Հայաստան տեղափոխելու հարցին նույնպես:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ