Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը Բոլոնյան գագաթաժողովի մասին. «Դա թանկ միջոցառում էր» (Տեսանյութ)

Մայիս 25,2015 12:57

Այսօր մայիսի 25-ին Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում դպրոցական դրամահավաքի մասին խոսելիս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ դա նորմալ երեւույթ է Եվրոպական կրթական դպրոցում՝ ամենափոքրիկ քաղաքային դպրոցից մինչեւ հզոր բուհեր, որովհետեւ ոչ մի երկրում կրթության ծախսերը չեն փակվում պետության միջոցներով:

Նա փաստեց, որ համեմատության առումով՝ ՀՀ կրթության բնագավառը շատ ավելի մեծ քանակությամբ է ֆինանսավորվում պետությունից՝ ի տարբերություն այլ երկրների:

Նախարարը շեշտեց, որ դպրոցական դրամահավաքը արտոնված է, եթե կա ծնողկոմիտեի համաձայնությունը, իսկ եթե ծնողներն իրար հետ լեզու չեն գտնում, նախարարությունը չի կարող մտնել միջծնողական հարաբերությունների մեջ. «Ծայրահեղություն է, որ արգելեցինք դրամահավաքը, որովհետեւ, ցավոք սրտի, միշտ հայտնվում է մի ծնող, որը զանգում է թեժ գծին, մասնակցային մշակույթ չունենք, եւ սխալ է մեկի պատճառով ձախողել բոլորի որոշումը: Օրինակ` ես, որ մինչեւ 1990 թ սովորել եմ սովետական դպրոցում, երբ մեզ տոմս էին վաճառում, չէինք բողոքում, երբ մեզ ասում էին, որ փետրվարի 23-ին դպրոց պետք է գան զինվորներ ու նրանց պետք է նվերներ բերենք, չէինք դժգոհում: Մե՛նք ենք այլասերել մեր ընկալումների ու հրապարակումների մեջ դպրոցին օգնելու գաղափարը: Բայց լրիվ ուրիշ հարց է, երբ դրամահավաքը վերածվում է թանկ նվերի, ոսկեղենի դասղեկին կամ տնօրենին»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է համատեղում արտաքին քաղաքական հարցերով զբաղվելն ու ԿԳ նախարարի պաշտոնը, Արմեն Աշոտյանն ասաց. « Զարմանում եմ , որ զարմանում եք, ես նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալ եմ՝ միջազգային հարաբերությունների գծով, հետեւաբար պատասխանատու եմ կուսակցության արտաքին հարաբերությունների համար, դրանք լրացուցիչ հարթակներ են մեր երկրի հարցերը վեր բարձրացնելու համար»:

Նա օրինակ բերեց մարտի 3-ին ԵԺԿ վեհաժողովի ընդունած Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը եւ ասաց, որ դա կուսակցական աշխատանքի արդյունք է:

Aravot.am-ի հարցին՝ ինչ է արժեցել Եվրոպական կրթական տարածքի գագաթաժողովի անցկացումը Երեւանում՝ Հայաստանի վրա, ԿԳ նախարարը չթաքցրեց, որ դա ծախսատար միջոցառում էր. «Այդ համաժողովը թանկ միջոցառում է, պետք է կարողանալ վճարել պետության համար կարեւորագույն միջոցառումների համար: Ես արդեն հանձնարարական եմ տվել՝ ի մի բերել ծախսերը, ամեն ինչ թափանցիկ եւ բաց է, ու կներկայացվի բոլորիդ: Իմիջիայլոց, ծախսված միջոցների 40%-ը կփոխհատուցի Եվրամիությունը, 100 մլն դրամից ավելի է ընդհանուր գումարը, որից 60 %-ն է պետության վրա»:

Նախարարը հավելեց, որ միջոցառման իրականացմանը աջակցել են նաեւ պետական եւ մասնավոր ընկերություններ, այդ թվում՝ Վիվա Սել-ՄՏՍ-ը, Կոնյակի գործարանը, քաղաքապետարանը, բուհերը:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել բուհերը Երեւանից տարհանելու հայտնի առաջարկը, որը բուռն քննարկումների տեղիք է տվել:

«Բուհերը շենք չեն, կենդանի մեծ օրգանիզմներ են, մենք քանի տարի է քննարկում ենք կառուցվածքային արդիականացման հարցը, բայց վեր կենալ ու նման բան հայտարարել՝ առանց լիազոր մարմնի կարծիքը հարցնելու, անհասկանալի է…Չկա կոնկրետ ծրագիր, եղել են առաջարկություններ»:

Ինչ վերաբերում է գերատեսչություններից որոշները մայրաքաղաքից տեղափոխելուն, Արմեն Աշոտյանի համոզմամբ, կարելի է, օրինակ` ԿԳ նախարարությունը տեղափոխել Էջմիածին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031