Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Նախարարների փոփոխությունները կարող են երանգներ բերել քաղաքականության մեջ» (Տեսանյութ)

Մայիս 25,2015 12:29

Այսօր՝ մայիսի 25-ին Մամուլի ազգային ակումբը «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նախարարը խոսեց ՀՀ կառավարության գործունեության մեկ տարվա. ձեռքբերումների եւ կորուստների մասին՝ կրթության եւ գիտության ոլորտների համատեքստում:

Նախարարը հավելեց, որ կառավարության գործունեության ծրագրում մի մեծ բաժին նվիրված է գիտության եւ կրթության հիմնախնդիրներին, կառավարությունը շարունակել է մեկնարկած բարեփոխումները եւ մարտահրավերների լուծումների փնտրտուքը: Արմեն Աշոտյանն ասում է, որ կրթության բնագավառում շատ կարեւոր է, որ լինի առաջընթաց՝ հետևողական քաղաքականության առումով:

«Նախարարների փոփոխությունները կարող են բերել երանգներ քաղաքականության մեջ, եւ չպետք է փոփոխությունները ճակատագրական լինեն, քանի որ կրթական ոլորտը ամենատրադիցիոնն է, եւ այն չպետք է ենթարկվի ցնցումների, ու փոփոխությունները պետք է հարմարեցվեն ոչ միայն մեր տեսլականին, այլև հանրային կարծիքին»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նա թվարկեց բոլոր կարեւոր քայլերը, որ մինչ այժմ իրականացվել են եւ շարունակվում են իրականացվել. «ՀՀ Ազգային ժողովն ընդունել է տասներկուամյա պարտադիր կրթության մասին օրենքը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ, իննամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլեւս անցյալ է, պետք է ավելի բարձր նվազագույն ցենզի անցնենք: Մյուսը Ազգային երգուպար առարկայի փորձնական պիլոտային ծրագիրն էր: Այն սեպտեմբերի 1-ին կընդլայնվի՝ ընդգրկելով հարյուր դպրոց, մյուսը «Մեկ աշակերտին՝ մեկ համակարգիչ» ծրագիրն է, որը կմեկնարկի սեպտեմբերի մեկից»:

Անդրադարձ եղավ գիտական աստիճանաշնորհման ոլորտում կառավարության նոր ընթացակարգին՝ թեթեւացել են բյուրոկրատական հարցերը, խստացվել պահանջները, ընդունվել է Գիտական փորձաքննության մասին օրենք:

Նախարարը, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաեւ Կրթության գերազանցության ծրագրի, վարկային ծրագրերով բուհերում իրականացվող ծրագրերի մասին:

«Մեր մեկ տարվա կրթական գործունեության դափնին համարում եմ Եվրոպական կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն աննախադեպ էր իր բնույթով, քաղաքական հետեւանքով: Հայաստանի վարկանիշը Եվրոպական կրթական տարածքում աննախադեպ ընդգծվել է: Այն արձագանքները, որ ստանում ենք Բրյուսելից մինչեւ Մոսկվա, Փարիզից՝ Երեւան, վկայում են այն մասին, որ մեր եռամյա ջանքերը գերհաջողված էին»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ որեւէ նախաձեռնություն իրենց կողմից չի ձախողվել, բայց դեռ կան համակարգի որոշ խնդիրներ, որոնց ամբողջական լուծումը հնարավոր չէ կարճ ժամկետում, ինչպես կոռուպցիոն դրսեւորումները, կրթության որակի վերջնական բարձրացմումը, կրթության վերաբերյալ հանրային վերաբերմունքի փոփոխությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031