Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ի տնօրենը իր աշխատավարձը 60 հազար դոլարի հասցնի, մենք վճարե՞նք»

Մայիս 25,2015 12:19

Գյումրիում ևս սպասվում է բողոքի երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այս մասին արդեն իսկ հայտարարություն է տարածված ֆեյսբուք սոցիալական կայքում, եւ միացել են մեծ թվով գյումրեցիներ: Իսկ երթը տեղի կունենա չորեքշաբթի օրը, ժամը 17.00-ին Գյումրու քաղաքապետարանին կից Շահումյանի արձանի մոտից, բողոքավորները այստեղից կուղևորվեն դեպի մարզպետարան:

Ինչպես Aravot.am-ին մանրամասնեց «Ո՚՛չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացի, երթի նախաձեռնող անդամ Վահագն Խաչատրյանը (լուսանկարում). «Աբսուրդ է, անօրինական է 17-18 դրամով հոսանքի սակագինը թանկացնելը, 250 միլիոն դոլարից ավելի գողություն է տեղի ունեցել, գողին բռնելու փոխարեն՝ այդ գումարը ուզում են գցել քաղաքացու ուսերին: Այսօր քաղաքացին 42 դրամն է շատ մեծ դժվարությամբ մուծում, հատկապես շնչահեղձ լինող գյումրեցին, որի սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է, քաղաքը դատարկվում է: Մենք գտնում ենք, որ եթե նույնիսկ 1-2 դրամի չափով թանկացում տեղի ունեցավ, ուրեմն արտագաղթի տեմպն ավելի է շատանալու, տնտեսական վիճակն ավելի վատ է դառնալու: Դրա համար հայտարարում ենք՝ ոչ մի գրոշ ավել չենք մուծելու թալանչիներին, սա համարում ենք թալան: Սա թալանի ևս մեկ ձև է, որ ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնելու համար, պաշտոնական տվյալներով 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում ՀԷՑ-ի տնօրենը: Մենք փող չունենք տալու: Չհաշված կորուստների մասով. մոտ 11 տոկոս է հիմա, ուզում են հանել 13-15 տոկոս: 3 ամիսը մեկ էլ պարգևավճարներ են եղել մոտ 50 հազար դոլարի չափով, սա անթույլատրելի է, անհանդուրժելի, չենք թույլ տա մեզ ձեռ առնեն: Միակ միջոցը փողոց դուրս գալն է, պայքարելն է, եթե մենք չկարողացանք որպես քաղաքացի հաղթանակը տանել, աղետալի վիճակ կլինի», -ասաց Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա, վերջում Գյումրիում կմնա այն մասսան, որը էլեկտրաէներգիա ընդհանրապես չի սպառում, նման մարդկանց թիվը բավական մեծ է, տնակային թաղամասերում ապրողների մեծ մասը հոսանքազրկված են վճարել չկարողանալու պատճառով: Վահագն Խաչատրյանը մեզ տրամադրեց իրենց հայտարարությունը, որտեղ գրված է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր

Իշխանությունը՝ տեսնելով մեր հանդուրժողականությունը, լռությունն ու հնազանդությունը, ավելի ու ավելի է սանձարձակ դարձել: Արդեն ավանդույթ են դարձրել հոսանքի և այլ կենսական նշանակություն ունեցող ապրանքների ամենամյա անհիմն թանկացումը: ՀԷՑ-ի (250 մլն և ավել դոլար) պարտքը, որը առաջացել է գողության և մսխելու հետևանքով, իշխանությունները ուզում են մարել մեր հաշվին, այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրի հոսանքը, մի քանի լումա պակաս վճարելու դեպքում, անջատում են:

Հարգելի շիրակցինե՛ր այս թալանին վերջ դնելու համար, կոչ ենք անում յուրաքանչյուրիդ՝ տաքսիստնե՛ր, մանկավարժներ և բժիշկնե՛ր, քաղ.ծառայողներ և ոստիկաննե՛ր, երիտասարդներ և թոշակառունե՛ր, ուսանողներ և դասախոսնե՛ր, առևտրականներ և գործարարնե՛ր, մայիսի 27-ին ժամը 17.00-ին գալ Գյումրու քաղաքապետարանին կից Շահումյանի արձանի մոտ և միանալ «Ոչ թալանին», նախաձեռնության կազմակերպած հավաք-երթին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Նույնիսկ օտար նվաճողներն այսպիսի բաներ չեն արել, ինչ սրանք են անում: ՈՏՔԻ’ Հայաստան.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031