«Անընդհատ վարկեր վերցնելը կարող է լուրջ ռիսկային լինել երկրի անվտանգության համար, ո՞րն է այն սահմանը, որ համարվում է ռիսկային»,- Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր երկրում պետական պարտքի մասին ռիսկայնության սահմանը կարգավորվում է օրենսդրությամբ: Եթե պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը անցել է 60 տոկոսը, ապա դա համարվում է ռիսկային»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը և հավելեց, որ եթե Հայաստանն անցնի ռիսկային գոտին, ապա միջազգային կազմակերպությունները հանդես կգան վերլուծություններով և Հայաստանը կմատնանշեն պարտքի առումով ռիսկային երկիր:
«Առայժմ ռիսկային չենք: Սա չի նշանակում, որ պետք է ոգևորվենք անընդհատ և պարտքեր կուտակենք»,- ասաց գլխավոր գանձապետը և հավելեց` նախորդ տարվա համեմատ պետական պարտքը նվազել է:
Արձագանքելով Ատոմ Ջանջուղազյանին, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը խոսեց ֆուտբոլային լեզվով. «Կարող ենք ասել, որ դեռ չենք հասել կարմիր քարտի ցուցանիշին, դեռևս գտնվում ենք դեղին քարտի՝ զգուշացման փուլում»: Նա նաեւ հավելեց, որ պետք է օրենսդրական մեխանիզմներ մշակվեն, որոնք կլինեն զսպող օղակ՝ յուրաքանչյուր վարկային ծրագրի արդյունավետ օգտագործման համար, մանավանդ, որ նոր վարկեր վերցնելու հարցը վերջին շրջանում խորհրդարանում քննարկումների ու կրքերի բորբոքման առիթ է դառնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ