«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին տպավորել է ՀՀ նախագահի ելույթը Ռիգայի գագաթաժողովում: Այդ ելույթը, ըստ պարոն Իսագուլյանի, հստակ ու բովանդակալից էր, բայց եւ ուշացած:
«Նախագահի ելույթը բավականին լավ ելույթ էր, բայց այն պետք է տեղի ունենար 2009-ին, երբ որոշում էինք մտնել ասոցացման համաձայնագրի գործընթացի մեջ: Այդ ժամանակ ՌԴ-ում նախագահի փոփոխություններ էին տեղի ունեցել, Հայաստանում բոլորը համարում էին, որ պուտինյան ժամանակաշրջանն ավարտվեց եւ ժամանակն է , որ Հայաստանն առաջ ընկած գնա դեպի Եվրոպա»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նա նկատեց, որ գագաթաժողովի մասին տեսակետները հակասական են, կան կարծիքներ, որ Հայաստանն արձանագրեց լուրջ առաջընթաց եւ կարողացավ Եվրոպային նույնիսկ ցույց տալ, թե Եվրոպան՝ ոնց պետք է շարժվի, կան տեսակետներ, թե ոչինչ չշահեց, բայց իր կարծիքով, Հայաստանն այդ գագաթաժողովից ոչինչ չշահեց. «Տեղի ունեցավ հստակեցում Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերությունների հարցում: Եվրոպայի եւ ՌԴ հարաբերությունների ճշգրտման գործընթաց էր: Եվրոպան հասկացավ՝ մտել է շահերի մի դաշտ, որ ավելի շատ կորուստներ ձեռք կբերի, քան արտոնություններ, իսկ այն երկրները, որոնք առաջնորդվում են «կամ.. կամով», ավելի վատ դրության մեջ են դնում Եվրոպային: Իսկ Ռուսաստանը ցույց տվեց, որ այս տարածաշրջանում ունի շահեր, որոնցից հետ չի կանգնի: Եվրոպան մեղմացրեց իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Ի՞նչ շահեցինք մենք: Հայաստանը այնպիսի վիճակում է, որ եթե մի չնչին բան էլ շահեր, այդ շահը կերեւար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ